top of page

Սոցիալական իրավունքները պետք է երաշխավորվեն ՀՀ Սահմանադրությամբ․ կլոր-սեղան քննարկման անդրադարձ


Մարտի 3-ին կայացավ կլոր սեղան-քննարկում՝ սոցիալ-տնտեսական իրավունքների սահմանադրական կարգավորումների վերաբերյալ։

Նկարը՝ այստեղից


Քնարկումը նախաձեռնել էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը:


Քննարկման բանախոսներն էին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյանը։


Կարող եք դիտել կլոր-սեղան քննարկման վերաբերյալ Հայաստանի հանրային հեռուստատեսության անդրադարձը, իսկ Factor.am-ի կողմից հեռարձակված՝ քննարկման ամբողջական տեսաձայնագրությունը կարող եք գտնել այստեղ։


Քննարկմանը ՄԻՀԿ տնօրեն Անահիտ Սիմոնյանը անդրադարձավ այն հարցին, թե ի՞նչ խնդիրներ է առաջացրել Սահմանադրական արդարադատության իրականացման պրակտիկայում 2015 թվականի Սահմանադարական փոփոխությունների արդյունք հանդիսացող Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը։


Հիշեցնենք, որ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ քաղաքացին զրկվեց Սահմանադրությամբ իրեն պատկանող սոցիալական և մշակութային իրավունքների հիմնական մասից, (մասնավորապես, սոցիալական ապահովության իրավունքից, առողջության պահպանմանը վերաբերող մի շարք իրավունքներից, աշխատանքային մի շարք իրավունքերից, բավարար կենսամակարդակի իրավունքից, գիտության նվաճումներից օգտվելու իրավունքից, մշակութային կյանքին մասնակցելու իրավունքից), ինչպես նաև քաղաքացիները և ՄԻՊ-ը զրկվեցին Սահմանադրական դատարանում այս իրավունքների վերաբերյալ օրենսդրական նորմերի սահմանադրական վիճարկման հնարավորությունից։


Ա․ Սիմոնյանը, նշեց, որ բոլոր տարիների՝ Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումների պատկերի ուսումնասիրությունը՝ ըստ դիմող սուբյեկտների, փաստում է, որ ՍԴ հիմնական դիմողներն են իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև ՄԻՊ-ը։ Այսինքն, փոփոխությունն ուղղված է եղել հենց այս սուբյեկտներին վիճարկման հնարավորությունից զրկելուց։ Փոփոխությունը՝ սուբյեկտների ընտրության տեսանկյունից, որևէ իրավական հիմնավորում չունի, դրա իրավաչափությունը հիմնավորված չէ, և ըստ այդմ՝ ուղղակի խտրականություն է հանդիսանում։

Դատական իշխանությունը, ի դեմս ՍԴ-ի, առանցքային դեր է կատարում ժողովրդավարական կառավարման ապահովման համար՝ դատական վերահսկողության ենթարկելով օրենսդիր և գործադիր մարմինների ակտերը մարդու իրավունքների բովանդակության հետ դրանց համապատասխանության տեսանկյունից։


Ա․ Սիմոնյանը նշեց, որ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների հետևանքով սոցիալական և մշակութային իրավունքների մասով նման վերահսկման սահմանափակումը խաթարում է իրավունքի գերակայության սկզբունքի գործնականացումը։ Իրավական առումով այլևս հնարավոր չի Հայաստանում սոցիալական և մշակութային իրավունքների մեծ մասի սահմանափակման թույլատրելիության գնահատումը, քանի որ Սահմանադրության 78-80-րդ հոդվածներում ամրագրված համաչափության, իրավական որոշակիության, էության անխախտելիության սկզբունքների, ինչպես նաև Սահմանադրության 81-րդ հոդվածների կիրառումը այլ պահին չի տարածվում Սահմանադրության 3-րդ գլխի վրա։


Արդյունքում, Հայաստանում սոցիալական և մշակութային իրավունքների իրացման առումով ձևավորվել է օրենսդիր և գործադիր մարմինների բացարձակ հայեցողություն, խաթարվել է զսպումների ու հակակշիռների գործուն մեխանիզմների գործնականացումը, ինչը հարիր չէ ժողովրդավարական, ընդ որում՝ իրեն սոցիալական հռչակած ժողովրդավարական պետությանը։


Փոփոխության արդյունքում խաթարվել է նաև ՍԴ-ի՝ իր իրավական դիրքորոշումներին հավատարիմ մնալու սկզբունքի արդյունավետ իրացումը, որը ՍԴ որոշումների կատարման կարևոր կոմպոնենտ է, իսկ քաղաքացիները գործնականում զրկվել են սահմանադրական արդարադատության իրականացման միջոցով իրենց սոցիալական իրավունքների վերականգմման հնարավորությունից։


Իր ելույթն ամփոփելով ՄԻՀԿ տնօրենը շեշտեց, որ վերոնոշյալ հետևանքների շտկումը պահանջում է սոցիալական և մշակութային իրավունքների՝ իբրև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների ճանաչում։


Հիշեցնենք, որ սոցիալական և մշակութային իրավունքների սահմանադրական երաշխիքների վերականգման խնդրով ՄԻՀԿ-ն զբաղվում է Սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկից ի վեր։ 2021 թվականին ՄԻՀԿ-ի կողմից պատրաստած «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքների վերանայում և կատարելագործում» հրատարակությունը առաջին համապարփակ իրավական վերլուծությունն է, որի շրջանակներում անդրադարձ է արվում, ի թիվս այլնի, նաև այս իրավունքների սահմանադրական երաշխիքների վերանայման անհրաժեշտությանը։ Վերջին երկու տարիների ընթացքում ՄԻՀԿ-ի կողմից տարվել էն հետևողական աշխատանքներ (տե՛ս, օր․՝ այստեղ, այստեղ և այստեղ)՝ ուղղված Սահմանադարական բարեփոխումների մարդու իրավունքների օրակագրի ձևավորմանն ու առաջխաղացմանը։


Այս կապակցությամբ նշենք նաև, որ ս․թ․ փետրվարի 27-ին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է քվեարկել Սահմանադրության շրջանակներում սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության նոր երաշխիքներ ձևակերպելու հարցին։












170 views
bottom of page