Իրավունքահենք մոտեցում

Մեր առաջնահերթությունն է հասնել Հայստանում իրավունքահենք մոտեցմամբ պետական քաղաքակակնության մշակմանը և իրավունքահենք որոշումների կայացմանը։ Իմացի՛ր ավելին իրավունքահենք մոտեցման մասին։ 

Հոդվածի հեղինակ՝ Ա․ Սիմոնյան 

Առաջնային հրապարակում՝ EVN Report, 2018 թ․

«Թավշյա» հեղափոխությունը Հայաստանի նախկին իշխանությունների լիարժեք ապալեգիտիմացման հետևանքն էր։ Վարչական, ֆինանսական և կառավարման ռեսուրսների չարաշահման հետ մեկտեղ, Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարման ընթացքում չարաշահվեց մարդկային ամենակարևոր ռեսուրսը՝ արժանապատվությունը։ Հեղափոխության արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունը, Նիկոլ Փաշինյանի կողմից՝ հասարակության լայն շերտերի համաձայնությամբ և հաստատմամբ վարչապետի պաշտոնի ստանձնումը, մեկնարկ տվեց հասարակական նոր դաշինքի ձևավորմանը։ Այժմ կարևոր է, որպեսզի նոր իշխանությունների կողմից դրսևորվի քաղաքական կամք՝ գործնականում երաշխավորելու անհատի արժանապատվության և իրավունքների պաշտպանությունը։

Մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ իշխանությունների սահմանադրական[1] և միջազգային իրավական պարտականությունն է[2]։ ՀՀ ներպետական օրենսդրությունը պարունակում է իրավական բազմաթիվ կարգավորումներ, որոնցով պետք է, որ ապահովվեր մեր երկրում անհատի իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ու իրացումը։ Սակայն գործնականում, առ այսօր, Հայաստանում մարդու իրավունքները շարունակաբար սահմանափակվել և ոտնահարվել են հասարակական-քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում` հանգեցնելով սոցիալական բողոքի կուտակմանն ու սոցիալական արդարության ճգնաժամի։

 

Տիրող իրավիճակի հիմնական պատճառ է հանդիսացել իշխանության չարաշահումն ու   կիսաավտորիտար կառավարման մոդելի հաստատումը։ Պետության քաղաքականությունը չի եղել մարդակենտրոն։ Անհատն իր արժանապատվությամբ և իրավունքներով  մղվել է պետական քաղաքականության ետին պլան, իսկ պետական իշխանությունները ոչ թե ծառայել են հանրային շահին, այլ նեղ օլիգարխիկ շրջանակներին։

 

Հեղափոխության արդյունքում ետ վերցնելով զավթված իշխանությունը, հանրության կողմից այժմ պետք է հստակ ձևակերպվի և իբրև պահանջ ներկայացվի պետական քաղաքականության իրականացման այն մոդելը, որն առավելապես կծառայի անհատների և սոցիալական խմբերի շահերի և իրավունքների պաշտպանությանը, երկրում սոցիալական արդարության և սոցիալական համերաշխության հաստատմանը։ Սույն պահանջի բավարարման համար առավել նպատակային քաղաքականության մոդել է հանդիսանում մարդու իրավունքների վրա հիմնված՝ իրավունքահենք պետական քաղաքականությունը։

 

Մարդու իրավունքները յուրաքանչյուրիս՝ արժանապատիվ կյանքով ապրելու համար անհրաժեշտ երաշխիքներն ու ստանդարտներն են։  Մարդու իրավունքները մեզնից անբաժան են, պատկանում են մեզ անկախ մեր որևէ անձնական և սոցիալական հատկանիշի։ Սակայն, դրանց ամրագրումը թե՛ ներպետական, և թե՛ միջազգային փաստաթղթերում չի ապահովում անհատի կողմից իր իրավունքների լիարժեք իրացումը գործնականում, մինչդեռ մեր իրավունքների և արժանպատվության պաշտպանությունը չի դրվում պետության քաղաքականության կենտրոնում։ Այսպիսով ստեղծվում է իրավունքահենք մոտեցմամբ պետական քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը։

Իրավունքահենք մոտեցումը ենթադրում է, որ պետական քաղաքականության մշակման հիմքում են ընկած մարդու արժանապատվության և իրավունքների պաշտպանության նորմերն ու սկզբունքները, մշակված են գործիքներ և մեխանիզմներ, որոնք երաշխավորում են հանրային կյանքի բոլոր ոլորտներում անհատի իրավունքների համալիր և լիարժեք պաշտպանությունն ու իրացումը։

 

Խոսքը գնում է քաղաքականության առավել մարդակենտրոն մոդելի մասին։

Իրավունքի վրա հիմնված պետական քաղաքականությունը ապահովում է երկրում մարդու իրավունքների «գործնականացումը»։ Այն ուղղված է ստեղծելու հասարակական-քաղաքական այնպիսի կարգ, որում յուրաքանչյուրս ունենք զարգացման հավասար հնարավորություններ, ինչն, իր հերթին, նախապայման է զարգացած հասարակության։

 

Իրավունքահենք մոտեցմամբ մշակվող քաղաքականությունը հնարավորություն է տալիս երաշխավորելու հասարակությունում

  • յուրաքանչյուրի արժանապատվության պաշտպանությունը,

  • յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,

  • սոցիալական արդարության և համերաշխության կայացումը։

 

Ինչպե՞ս է կառուցվում իրավունքահենք պետական քաղաքականությունը[3]։ Այն հիմնվում է միջազգայնորեն ամրագրված մարդու իրավունքների սկզբունքների և նորմերի վրա՝ դրանք տեղայնացնելով հանրային կյանքի յուրաքանչյուր ոլորտում։

 

Իրավունքահենքությունը ենթադրում է հանրային կյանքի յուրաքանչյուր ոլորտի կարգավորման շրջանակներում՝

  1. իրավունքների համալիր պաշտպանության/իրացման երաշխիքների ապահովում,

  2. տվյալ ոլորտում խտրականության բոլոր տեսակների բացառում,

  3. նեռարական որոշումների կայացում՝ բոլոր շահագրգիռ կողմերի/թիրախային խմբերի հավասար և արդյունավետ մասնակցություն,

  4. որոշումների կայացման թափանցիկություն,

  5. որոշում կայացնողների հաշվետվողականություն,

  6. իրավունքի գերակայության ապահովում՝ կայացված որոշումների համապատասխանություն պետության կողմից իր վրա ստանձնած մարդու իրավունքների պարտավորություններին և միջազգային իրավական չափանիշներին։

 

Դիտարկենք իրավունքահենք մոտեցումը մեր երկրում առկա ամենամեծ մարտահրավերներից մեկի՝ աղքատության խնդրի լուծման համատեքստում։ Իբրև օրինակ վերցնենք եկամուտների անհավասարությունը, որը Հայաստանում աղքատացման և սոցիալական բևեռացման հիմնական պատճառներից է։

 

ՀՀ 2014 – 2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, որը հանդիսանում է աղքատության կրճատման  քաղաքականության ուղենշային փաստաթուղթ, եկամուտների անհավասարության խնդրին անդրադառնում է հետևյալ կերպ․ «աղքատության հաղթահարման և եկամուտների վերաբաշխման հնարավորությունների ընդլայնման հիմնական նախադրյալը շարունակելու է մնալ երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովումը: Աշխատատեղերի քանակի ավելացումը, ժամանակակից արտաքին մրցակցային պայմաններին համապատասխանող ապրանքների արտադրությունը և մասնագետների պատրաստումը հանգեցնելու է մի կողմից աշխատանքային եկամուտների ավելացմանը, իսկ մյուս կողմից, նպաստելով պետական բյուջեի եկամտային հենքի ավելացմանը` ընդարձակելու է պետության կողմից իրականացվող եկամուտների վերաբաշխման քաղաքականության հնարավորությունները[4]

 

Այսպիսով, խնդիրը դիտարկվում է տնտեսական տիրույթում․ պետական քաղաքականության շրջանակներում լուծումը տրվում է տնտեսագիտական մոտեցումների հիման վրա։ Սակայն, եթե եկամուտների անհավասարության խնդիրը պետության կողմից ի հավելումն տնտեսականի, վերլուծվեր  նաև իրավունքահենք մոտեցմամբ, ակնհայտ կդառնային մարդու իրավունքների խախտումներով պայմանավորված մի շարք հանգամանքներ, որոնք մեծապես հանգեցնում են մեր երկրում անհավասար եկամուտների գոյացմանը և եկամուտների անհավասար բաշխմանը։ Թվենք այդ հանգամանքներից մի քանիսը՝

  • գենդերային կածրատիպերով պայմանավորված՝ կանանց և տղամարդկանց անհավասար ներգրավվածությունը աշխատաշուկայում,

  • կրթության իրավունքի անհամաչափ իրացմամբ պայմանավորված՝ անհատների անհավասար մուտքը աշխատաշուկա, 

  • միջավայրային անմատչելիությամբ և խտրականությամբ պայմանավորված՝ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում զբաղվածության ցածր մակարդակը,

  • կրոնական, էթնիկ կամ այլ խմբերի նկատմամբ դրսևորվող խտրականությամբ պայմանավորված՝ վերջիններիս մարգինալացումը և այլն։

 

Սոսկ տնտեսական չափումների միջոցով երբևէ հնարավոր չի լինի վերհանել վերոնշյալ դրդապատճառները, մինչդեռ աղքատությունը զուտ տնտեսական կարգավիճակ չէ. այն մարդու արժանապատվությունը ոտնահարող, իրավունքներն ու ազատությունները մեծապես սահմանափակող լրջագույն հանգամանք է։ Առհասարակ, խտրականությամբ, իրավունքների ոտնահարմամբ պայմանավորված դրդապատճառների բացթողումը պետական քաղաքականության շրջանակներում առ այսօր հանդիսացել է ոլորտային քաղաքականությունների անկայունության և անլիարժեքության հիմնական պատճառներից մեկը։ Արդյունքում, տարիներ շարունակ վատնվել են բյուջետային միջոցներ, տրվել խնդիրների անհեռանկարային և սոսկ տեղային լուծումներ։

 

Պետական քաղաքականության մշակման տրամաբանության վերաձևակերպումը պահանջում է, որպեսզի այդ քաղաքականության թելադրողը այսուհետ դառնա ինքնորոշ, պահանջատեր քաղաքացին, իսկ քաղաքականությունը ուղղված լինի յուրաքանչյուրի անձի, արժանապատվության և իրավունքների հավասար պաշտպանությանը։

 

Եկամուտների անհավասարության խնդրի դիտարկումը իրավունքահենք մոտեցման տրամաբանությամբ կենթադրեր հետևյալ քայլերի ձեռնարկումը՝

  1. ապահովել քաղաքացիների իրազեկվածությունը տվյալ ոլորտում իրենց իրավունքների և պարտավորությունների մասին,

  2. երաշխավորել տվյալ ոլորտի խնդիրների բարձրաձայնման մասնակցային հարթակների առկայություն,

  3. հարթակների գործունեության արդյունքում համալիր կերպով դուրս բերել իրավունքի այն խախտումները, որոնք հանդիսանում են եկամուտների անհավասար բաշխման թե՛ պատճառ և թե՛ հետևանք,

  4. առավել լսելի դարձնել այն խմբերի ձայնը, ում իրավունքները առավել հաճախ եմ խախտվում տվյալ ոլորտում,

  5. ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը ոլորտային քաղաքականության/ռազմավարությունների/գործողությունների ծրագրի մշակման գործընթացներում,

  6. ոտնահարվող իրավունքների վերականգնումը/լիարժեք իրացումը առանց խտրականության դիտարկել իբրև ոլորտային քաղաքականության/ ռազմավարությունների/գործողությունների ծրագրերի առանցքային նպատակ,

  7. ապահովել իրականացվող գործողությունների առավել թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունը։

 

Սա է գործողությունների այն տրամաբանությունը, որը, համադրվելով տնտեսագիտական վերլուծությունների և միջամտությունների հետ, կբերեր ուսումնասիրվող խնդրի համակարգային լուծմանը։ Իրավունքների և հնարավորությունների հավասարության վերականգման միջոցով հնարավոր կլինի ապահովել եկամուտների արդար վերաբաշխումը,  իսկ վերջինիս արդյունքում երկարաժամկետ կտրվածքում հաղթահարել աղքատացման համապատասխան միտումները։

 

Պատահական չէ, որ միջազգային փորձի վրա հիմնված բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են անմիջական կապը հաշվետու, մասնակցային և թափանցիկ կառավարման մոդելի, կառավարության կողմից հասարակությունում խտրականության և բռնության դրսևորումների դեմ պայքարի և պետության կայուն տնտեսական աճի միջև[5]։

Իրավունքահենք մոտեցումը քաղաքականության մշակողներին և իրացնողներին պարտավորեցնում է սոցիալական խնդիրների մասին խոսել նաև իրավունքի լեզվով։ Իրավունքահենք մոտեցմամբ յուրաքանչյուր խնդիր դրվում է «իրավունք կրողի» և «իրավունք իրացնողի» շրջանակի մեջ, որում անհատները իրավունքներ և ազատություններ կրող և պահանջող կողմն են, իսկ պետական իշխանության մարմինները այդ իրավունքների պաշտպանության պարտավորությունը կրող կողմը։ Այս շրջանակներում առկա է հստակ գործիքակազմ, գործում են հստակ ամրագրված պարտավորություններ, նորմեր և սկզբունքներ։ Իրավունքահենք մոտեցմամբ պետական քաղաքականության իրականացման պահանջը բխում է յուրաքանչյուրիս՝ սեփական արժանապատվության ու իրավունքների պաշտպանության երաշխիքներ ունենալու հրամայականից։  Դրանում է կայանում իրավունքահենք մոտեցման արժեքը և կարևորությունը։

[1] Տե՛ս, ՀՀ Սահմանադրություն, Հոդված 3, http://www.president.am/hy/constitution-2015/

[2] Մարդու իրավունքներն ամրագրող միջազգային պայմանագրերի մեծ մասը վավերացված է Հայաստանի կողմից․ Տե՛ս, ՄԱԿ-ի պայմանագրերն ու Հայաստանը․ Մարդու իրավունքներ; http://www.un.am/hy/p/iii-un-treaties-and-armenia

Action of the Council of Europe in Armenia; https://www.coe.int/en/web/portal/armenia

[3] Տես, Human rights based approaches; Australian Human Rights Commission; https://www.humanrights.gov.au/human-rights-based-approaches  

Human Rights Analyst, Guideline; MFAT; https://www.mfat.govt.nz/assets/Aid-Prog-docs/Tools-and-guides/Human_Rights_Analysis_Guideline.pdf;

[4] Տե՛ս, Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ․ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր, էջ  27,  http://www.gov.am/files/docs/1322.pdf

[5] Տե՛ս, Rights and economic growth; inevitable conflict or common ground? March 2005 Andy Mckay and Polly Vizard