top of page

Մեկնարկել է ՄԻՀԿ-ի և ՀԱՀ Սոցիալական արդարության և ՄԻ ծրագրի կազմակերպած երեկոյան դպրոցը

Հունիսի 20-ին մեկնարկեց Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի (ՄԻՀԿ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի Մարդու իրավունքների և սոցիալական արդարության մագիստրոսական ծրագրի (ՄԻՍԱ) համատեղ կազմակերպած` «Իրավական հետազոտություններ և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» խորագրով երեկոյան դպրոցը, որն իրականացվում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։


Բացման խոսքով հանդես եկան ՄԻՀԿ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանը և ՄԻՍԱ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը, ովքեր ներկայացրեցին Երեկոյան դպրոցի ստեղծման նախապատմությունը և նպատակները և կարևորեցին դպրոցի շարունակական կազմակերպումը` ի նպաստ Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ հետազոտական հենքի: Երեկոյան դպրոցի մասնակիցները բակալավրի չորրորդ կուրսում, մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերում ընդգրկված ուսանողներ և նորավարտ մասնագետներ են։ Դպրոցի նպատակն է ուսանողների և երիտասարդ մասնագետների շրջանում մարդու իրավունքների միջազգային նորմերի վերաբերյալ իրազեկության բարձրացումը և մարդու իրավունքների ոլորտում հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ հմտությունների զարգացումը։ Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանում և արտերկրում մարդու իրավունքների հիմնահարցերով զբաղվող առաջատար մասնագետների հետ, ընդլայնել ոլորտային գիտելիքները, ինչպես նաև քննարկել համագործակցության հնարավորություններ քաղաքացիական հասարակության նշանավոր դերակատարների հետ։ «Իրավական հետազոտություններ և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» խորագրով Երեկոյան դպրոցը կգործի մինչև հուլիսի 12-ը:


Տես նաև Ֆեյսբուքում մեր գրառումն՝ այստեղ






102 views
bottom of page