top of page

Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների հետազոտություն․ նախագծի ավարտ



Հոկտեմբերի 27-ին Մարդու իրավուքների հետազոտությունների կենտրոնը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ) - Հայաստանը ներկայացրեցին համատեղ իրականացվող՝ «Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների և տնտեսական հզորացման համար հետազոտություն և շահերի պաշտպանություն» ծրագրի հետազոտական վերջնարդյունքները։

Ծրագիրն իրականացվում էր 2020 թվականից ի վեր՝ ՄԱԿ-ի կանանց հզորացման կառույցի («ՄԱԿ- Կանայք») վրաստանյան գրասենյակի աջակցությամբ։


Այն ուղղված է ԱՄԿ 183-րդ (Մայրության պաշտպանության մասին) և 156-րդ (Ընտանեկան պարտականություններ ունեցող աշխատողների մասին) կոնվենցիաների օրենսդրական կարգավորման ազդեցության գնահատման (ՕԿԱԳ) զեկույցների պատրաստմանը՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կառավարության դիտարկմանը ներկայացնելու նպատակով։ Տվյալ կոնվենցիաների պահանջներին ՀՀ օրենսդրական դաշտի համապատասխանեցումն էական է Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության համար։


Ծրագրի մյուս բաղադրիչի շրջանակներում Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը նաև պատրաստել է «Հղի և կրծքով կերակրող կանանց համար առողջ և անվտանգ աշխատանքային պայանների ապահովման ՀՀ գործող համակարգի բացերը» ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության նպատակն է առանցքային դերակատարների և շահագրգիռ կողմերի ուշադրությանը ներկայացնել ՀՀ-ում գործում ՝ հղի և կրծքով կերակրող կանանց համար առողջ և անվտանգ աշխատանքային պայանների ապահովման համակարգի և կարգավորումների խնդիրներն ու թերությունները՝ հիմք ընդունելով ԱՄԿ 155-րդ (Աշխատանքային անվտանգության և առողջության մասին), 183-րդ (Մայրության պաշտպանության մասին) կոնվենցիաները և ԵՄ 92/85/EEC հրահանգը։


Վերոնոշյալ հետազոտությունները ՄԻՀԿ-ի և ՀՌԿԿ-Հայաստանի հետազոտական թիմերը ներկայացրեցին ս․թ․ հոկտեմբերի 27-ին կայացած Կանանց տնտեսական հզորացմանը նվիրված համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «ՄԱԿ- Կանայք» կազմակերպության նախաձեռնությամբ։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «ՄԱԿ- Կանայք»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի մասնագետ Նարգիս Ազիզովան, Շվեյցարիայի զարգացման համագործակցության ազգային ծրագրի ավագ պատասխանատու Արթուր Փոքրիկյանը և Ավստրիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը:


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը բարձր է գնահատում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստանի և «ՄԱԿ- Կանայք» վրաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը և լիահույս է, որ ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունները ՀՀ աշխատանքային օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցման և Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ու իրացումը խաթարող մի շարք խնդիրների հասցեագրման խթան կհանդիսանան։


Հետազոտական փաստաթղթերի անգլերեն տարբերակները կարող եք ներբեռնել՝ անցնելով հետևյալ հղումներով․


Հայերեն տարբերակները հասանելի կլինեն շուտով։


Համաժողովի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։






























34 views
bottom of page