top of page

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատակիցների գործադուլի վերաբերյալ

  • Writer: Human Rights Research Center
    Human Rights Research Center
  • Feb 10
  • 2 min read
ree

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատակիցների գործադուլը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության և արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովման համակարգային բարեփոխումների հրատապ անհրաժեշտությունը։


Հունվարի 31-ից ԶՊՄԿ-ի աշխատակիցները գործադուլի մեջ են ՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։


Գործադուլի պահանջների շուրջ համախբվել է ԶՊՄԿ-ի 2448 աշխատակից։ Սա Հայաստանի Հանրապետությունում աշխատողների կողմից մինչ այժմ նախաձեռնած ամենածավալուն գործադուլներից է, որը, ինչպես գլոբալ աշխատավորական շատ այլ շարժումներ, կարող է էական փոփոխությունների խթան հանդիսանալ։

Այսպես, օրինակ, 2013 թվականին Բանգլադեշի տեքստիլ ոլորտի աշխատողների գործադուլները հանգեցրեցին աշխատավարձերի զգալի բարձրացման և գործարանների անվտանգության չափանիշների նկատմամբ միջազգային վերահսկողության ուժեղացման։


Գործադուլները սկսեցին Բանգլադեշի «Ռանա Պլազա» (Rana Plaza) գործարանի փլուզումից հետո, որը խլել էր ավելի քան 1100 աշխատողի կյանք։


2019 թվականին ԱՄՆ-ում «Ջեներալ Մոթրս» (General Motors) ընկերության աշխատողների քառասուն օր տևած գործադուլը հանգեցրեց աշխատավարձերի բարձրացման և աշխատանքային անվտանգության մեխանիզմների ամրապնդման։


Մեքսիկայում գործարանների աշխատողների գործադուլները (2019 թ․) առանցքային են եղել աշխատավարձերի բարձրացման և տարածաշրջանում աշխատանքային իրավունքների առաջխաղացման հարցում։


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) բազմիցս անդրադարձել է Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացման համակարգային խնդիրներին՝ ներառյալ առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների պահպանումը, արդար վարձատրությունը, աշխատանքում խտրականության բացառումը, գործադուլի իրավունքի իրացման հետ կապված էական բացերն ու խոչընդոտները։


ԶՊՄԿ աշխատակիցների, ինչպես նաև վերջին շրջանի այլ գործադուլները, օրինակ, Երևան քաղաքի ավտոբուսների վարորդների գործադուլը (2024 թվ․, դեկտեմբեր), հերթական անգամ վկայուն են, որ ՀՀ կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ ուղղված Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացման համակարգային խնդիրների հրատապ հասցեագրմանը։

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը ուշադրության կենտրոնում է պահում ԶՊՄԿ-ի աշխատակիցների գործադուլը և միանում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի՝ ս․թ․ փեթրվարի 8-ին հրապարակած անդրադարձին ՝ կոչ անելով ԶՊՄԿ-ին ժամ առաջ ընդառաջ գնալ ոլորտի արհմիության և աշխատողների առաջարկներին և գործուն քայլեր ձեռնարկել աշխատավարձի բարձրացման, աշխատանքային պայմանների բարելավման և ապահովագրության իրական գործարկման վերաբերյալ։


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը, միևնույն ժամանակ, կոչ է անում ՀՀ կառավարությանը, որը ներկայումս նաև ԶՊՄԿ-ի 22 տոկոսի սեփականատերն է, արձագանքել գործադուլի դուրս եկած աշխատողների պահանջներին, ինչպես նաև երաշխավորել, որ գործադուլի մասնակից հանդիսացող ԶՊՄԿ-ի որևէ աշխատակից չի ենթարկվելու հետապդնման կամ վրեժխնդրության, այդ թվում՝ աշխատանքից հեռացման տեսքով։


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը հիշեցնում է, որ

  • գործադուլը աշխատանքային իրավունքների և արժանապատիվ աշխատանքային պայմանների համար պայքարի կարևորագույն գործիք է և մարդու իրավունք,

  • գործադուլի իրավունքի պաշտպանությունը պետության պարտավորությունն է, որը բխում է, այդ թվում, Հայաստանի ստանձնաց միջազգային իրավական պարտավորություններից,

  • ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա իրացնել գործադուլի իրավունքը առանց հետապնդման կամ վրեժխնդրության ենթարկվելու վախի։


10 փետրվարի, 2025 թ․։


 
 
 

Comments


© 2018-2025 by Human Rights Research Center 

bottom of page