top of page

ԲԱՑԵ՛Լ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ




Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը խստորեն դատապարտում է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից բետոնե արգելապատնեշի և չարտոնված անցակետի տեղադրումը։


Հունիսի 23֊ից Ադրբեջանը՝ բետոնե արգելապատնեշ տեղադրելով, արգելափակել է Լաչինի միջանցքը` Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։

Արգելապատնեշը, զուգորդվելով չարտոնված անցակետի և զրահատեխնիկայի առկայությամբ, փաստացի լիովին մեկուսացնում է Արցախը` էլ ավելի սրելով շուրջ կես տարի շրջափակման մեջ գտնվող արցախցիների կեցության և գոյատևման պայմանները։


Արդեն շուրջ 15 օր է, ինչ Ադրբեջանի կողմից արգելվել է մարդասիրական բեռների մուտքը և Կարմիր Խաչի ուղեկցությամբ` հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղափոխումը դեպի Հայաստան:


Հունիսի 16-ին Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց (տե՛ս այստեղ)։ Զեկույցն ուղարկվել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և դերակատարներին։

Հունիսի 22-ին Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 22-ին հաստատել է «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» բանաձևը (տե՛ս այստեղ)՝ այդ թվում կոչ անելով Ադրբեջանին անհապաղ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին հրապարակված վճիռը (տե՛ս այստեղ

Հիշեցնենք նաև, որ սույն թվականի փետրվարի 22ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ (տե՛ս այստեղ


Ադրբեջանի կողմից Լաչինի արգելափակումը արցախահայության էթնիկ զտումների շղթայի մի մասն է, որը մենք խստորեն դատապարտում ենք:


Լաչինի միջանցքի արգելափակումն ամիջականորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության պայմանանները և հանդիսանում է արցախահայության իրավունքների կոպիտ և շարունակական ոտնահարում։


Մարդու իրավունքների հետազոտությունների ​​կենտրոնը (ՄԻՀԿ) Լաչինի միջանցքի բացումը դիտարկում է որպես լիազորված և մանդատակիր շահագրգիռ կողմերի, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի առաջնային մտահոգության խնդիր։


ՄԻՀԿ-ն կոչ է անում միջազգային քաղաքական մարմիններին և կառույցների, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և խմբերին ձեռնարկել անհապաղ և վճռական գործողություններ (ներառյալ քաղաքական և տնտեսական պատժամիջոցների կիրառումը) և պարտավորեցնել Լաչինի միջանցքը վերահսկողներին, մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանություններին և Ռուսաստանի խաղաղապահ ուժերին, առանց որևէ նախախայմանի վերականգնել Լաչինի միջանցքի երկու ուղղություններով ազատ և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը։


Տես նաև Ֆեյսբուքում մեր գրառումն՝ այստեղ




39 views
bottom of page