top of page

Արժանապատիվ աշխատանք տնային աշխատողների համար․ հանրային իրազեկման արշավ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը,Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը (ՀՌԿԿ-Հայաստան) և ՄԱԿ-ի կանանց հարցերով հայաստանյան գրասենյակը մեկնարկում են հանրային իրազեկման արշավ՝ նվիրված տնային աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանը։


Մեր արշավի հիմքում է սոցիալական արդարության և տնային աշխատողների համար արժանապատիվ աշխատանքի սկզբունքների իրագործումը։


Արշավն իրականացվելու է ապրիլ ամսվա ընթացքում։


Արշավի միջոցով մենք ձգտում ենք բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում տնային աշխատանքի և աշխատողների մասին՝ խթանելով տնային աշխատողների իրավունքների պաշտպանության, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման կառուցակարգերի զարգացումը։


Հանրային իրազեկման արշավն իրականացվում է առցանց՝ ՄԻՀԿ-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերում, ինչպես նաև գործընկեր կառույցների պաշտոնական սոցիալական հարթակներում։


Արշավի շրջանակներում կներկայացվեն թեմատիկ/իրազեկող նյութեր՝ նվիրված տնային աշխատանքի ոլորտի խնդիրներին, տնային աշխատողների իրավունքներին, արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ երաշխիքներին։


Մենք խրախոսում ենք տնային աշխատողներին և նրանց գործատուներին մեզ հետ հետադարձ կապ հաստատել՝ արշավի նյութերին ծանոթանալով, մեզ հետ կիսել իրենց մտահոգությունները, դժվարություններն ու մարտահրավերները։
Այս նպատակով, ցանկության դեպքում, կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ թողնել մեկնաբանություններ։

Ստորև ներկայացնում ենք արշավի նյութերը, որոնք համալրվելու են ապրիլ ամսվա ընթացքում։





Ի՞նչ է տնային աշխատանքը և ովքե՞ր են տնային աշխատողները։


Տնային աշխատողները հանդիսանում են մասնավոր տնային տնտեսությունում կամ տնտեսության համար աշխատանք կատարողներ։


Տնային աշխատանքը սովորաբար ներառում է՝

  • տունը մաքրելը,

  • ճաշ պատրաստելը,

  • հագուստ լվանալը,

  • արդուկելը,

  • երեխաների կամ ընտանիքի տարեցների կամ հիվանդ անդամների խնամքը,

  • այգեգործությունը,

  • տան պահպանությունը,

  • ընտանիքի համար մեքենա վարելը,

  • ընտանիքի տնային կենդանիների խնամքը և այլն։


Տնային աշխատողները կարող են աշխատել մի կամ մի քանի տնային տնտեսության համար.

  • անձամբ պայմանավորվելով տնային տնտեսությունների հետ, կամ

  • վերը նշված ծառայությունները մատուցող կազմակերպությունների միջոցով:


Եթե անձամբ են պայմանավորվում ընտանիքի անդամի հետ կատարվող աշխատանքի վերաբերյալ՝ նրանց գործատուն տվյալ ընտանիքի անդամն է։


Եթե կազմակերպության միջոցով են կատարում պահանջվող տնային աշխատանքները, նրանց գործատուն գործակալությունն է։


Տնային աշխատողը կարող է աշխատել և միևնույն ժամանակ բնակվել տվյալ տնային տնտեսությունում՝ կախված պայմանավորվածությունից:


Տվյալ տնտեսությունում բնակվելու դեպքում տնային աշխատողները պետք է ունենան սննդի, հանգստի և կացարանի հատուկ պայմաններ։



Ո՞րն է տնային աշխատանքի դերն ու արժեքը մեր կյանքում։


Տնային աշխատանքը բոլոր հասարակություններում ունի սոցիալական և տնտեսական արժեքներ, որոնք, սակայան, հաճախ անտեսանելի են մնում և այդ պատճառով նաև՝ թերագնահատված։


Դայակները, տուն մաքրողները, այգեպաններն ու վարորդները այն հերոսներն են, ովքեր այդ կարևոր գործը կատարում են, որպեսզի տվյալ ընտանիքի անդամները կարողանան այլ աշխատանքներ կատարել։


Տնային աշխատողների հետ կյանքը ներդաշնակ է։


Տնային աշխատողները թեթևացնում են տնային տնտեսության հոգսերը։ Նրանց շնորհիվ բարելավվում է այն տան անդամների կյանքի որակը, որտեղ տնային աշխատողներն աշխատում են։


Թվայնացվող աշխարհում տնային աշխատանքը շարունակելու է արդի և կարևոր մնալ։


Տնային աշխատողները մշտապես պահանջված են: Թեև մենք այժմ կարող ենք առցանց ստանալ բազմաթիվ ծառայություններ, սակայն խնամքի և տնային տարատեսակ աշխատանքները չեն կարող փոխարինվել կամ ամբողջությամբ ավտոմատացվել:


Այսպիսով՝


  • Տնային աշխատանքը հնարավոր է դարձնում մնացած բոլոր աշխատանքները։

  • Տնային աշխատանքը գրեթե բոլորիս կյանքի բաղկացուցիչ մասն է:

  • Տնային աշխատողներն այսպիսով կարող են նպաստել աշխատանքային շուկայի զարգացմանը և գործազրկության կրճատմանը։

Տնային աշխատանքի արժեքը և կարիքն ընդգծելը թույլ է տալիս հասարակությունում ձևավորել գիտակցված նպատակ առ այն, որ տնային աշխատողների համար արժանապատիվ աշխատանք ապահովելը կարևոր է բոլորիս համար։




Ի՞նչ իրավունքներ ունեն տնային աշխատողները։


Տնային աշխատողները պետք է վայելեն աշխատանքային օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները, ինչ ունեն այլ ոլորտի աշխատողները։


ՀՀ գործող օրենսդրությամբ տնային աշխատողներին վերաբերող հատուկ կարգավորումներ նախատեսված չեն, թեպետ դրա անհրաժեշտությունը կա՝ ելնելով տնային աշխատանքի առանձնահատկություններից։


Տնային աշխատողի իրավունքներին համապատասխան գործատուներն ունեն պարտավորություններ։


Տնային աշխատողների և գործատուների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են միմյանց հետ կնքվող գրավոր պայմանագրով։


  • Աշխատանքային պայմանավորվածությունները և աշխատավարձը 

Գործատուն պետք է տնային աշխատողին ապահովի աշխատանքային այնպիսի պայմաններով, որոնք համապատասխանում են կողմերի միջև նախապես ձեռբքերված պայմանավորվածություններին։


Կատարված աշխատանքի դիմաց տնային աշխատողն ունի վարձատրության իրավունք, համապատասխանաբար, գործատուն պարտավոր է վճարել աշխատավարձը ամսվա մեջ առնվազն մեկ անգամ՝ մինչև հաջորդող ամսվա 15-ը։


  • Տնային աշխատողների հանգստի իրավունքը


Հանգիստը կենսական նշանակություն ունի տնային աշխատողի կյանքում։ Այս իրավունքի միջոցով տնային աշխատողը ստանում է որոշակի ժամանակահատված, որով և ապահովվում է, որ աշխատողը վերականգնի իր ուժերը, հանգստանա և սնվի։


Ըստ գործող Աշխատանքային օրենսգրքի, որն, ի դեպ, տնային աշխատանքի նրբությունները դեռևս հաշվի չի առնում,  յուրաքանչյուր աշխատանքը սկսվելուց չորս ժամ անց պետք է տրամադրվի առնվազն 30 րոպե ընդմիջում։ 


Աշխատանքային օրերի միջև ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը չպետք է պակաս լինի 11 ժամից: Սա նշանակում է, որ Ձեր աշխատանքը ավարտելուց հետո մինչև նորից նույն աշխատանքը սկսելը պետք է անցած լինի առնվազն 11 ժամ։


Ամենամյա հանգիստը աշխատողին տրամադրվող վճարովի արձակուրդն է։ Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր: Այդ ընթացքում տնային աշխատողը չի կատարում որևէ աշխատանք և ստանում է միջին աշխատավարձը:


Այպիսով, տնային աշխատողին պետք է տրամադրվեն հանգստանալու և սնվելու համար ընդմիջումներ, աշխատանքային օրերի միջև ընկած անընդմեջ հանգիստ և ամենամյա հանգիստ։




Ի՞նչ կարող է անել տնային աշխատողն իրեն հասանելիք իրավունքներից օգտվելու համար։


Տնային աշխատողներն իրենց իրավունքները պաշտպանելու համար կարող են դիմել հետևյալ քայլերին։


  1. Կարևորելով ձեր իրավունքները դրանց շուրջ պայմանավորվեք Ձեր գործատուի հետ։

  2. Կարևորեք նաև գործատուի պահանջները, սակայնդրանց կատարման եղանակի ու պայմանների վերաբերյալ ևս ձեռք բերեք պայմանավորվածություն։

  3. Ձեզ համար էական նշանակություն ունեցող պայմանավորվածությունների շուրջ կազմեք աշխատանքային պայմանագիր և այն գրանցեք հարկային մարմնում։

Աշխատանքային պայմանագիր ունենալը կարևոր է, քանի որ․

  • Այն թույլ է տալիս աշխատողին և գործատուին ճանաչել միմյանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունը որպես աշխատանք, այլ ոչ թե «լավություն»։

  • Դրանով աշխատողը և գործատուն կարևորում են իրենց հարաբերությունների կայունությունը։

  • Կողմերի միջև տարաձայնություններ առաջանալու դեպքում աշխատանքային պայմանագրի միջոցով հնարավոր է դառնում պարզել, թե ինչի շուրջ են պայմանավորվել աշխատողն ու գործատուն։

  • Եթե որևէ մեկը չի կատարում պայմանավորվածությունը, մյուս կողմը՝ հղում տալով աշխատանքային պայմանագրին, կարողանում է իր իրավունքը պաշտպանել։

Որոշ տեղեկություններ աշխատանքային պայմանագրի մասին։


Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային պայմանագրում կողմերը ներառում են մի շարք տեղեկություններ`

  • աշխատանքի վայրը,

  • աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը,

  • աշխատանքային գործառույթները,

  • աշխատավարձի չափը (ներառյալ՝ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները) և այն որոշելու ձևը (ժամային, օրական, գործավարձային կամ ամսական դրույքաչափ),

  • աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը,

  • փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները.

  • աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ),

  • ամենամյա արձակուրդի տեսակի մասին,

  • աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները,

  • կողմերի անունները և ստորագրությունները։


Հիշեք․ աշխատանքային պայմանագրի առկայությունը Ձեր աշխատանքային իրավունքների պաշտպանության էական նախապայմաններից է։



Ինպե՞ս ապահովել տնային աշխատողի առողջությունն և անվտանգությունը:


Աշխատողների անվտանգությունը և առողջությունը աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պահպանման համակարգն է, որը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական-տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, վերականգնողական և այլ միջոցառումներ:


Առողջության և անվտանգության համար սահմանվում են կանոններ, որոնց նպատակն է աշխատավայրում կանխել վնասվածքները կամ հիվանդությունները։


Սովորարաբար դրանք սահմանվում են այնպիսի աշխատանքային միջավայրերում, ինչպիսիք են հանքերը, գործարանները և գրասենյակները։


Գործատուի պարտավորությունն է ապահովել աշխատանքի առողջ և անվտանգ պայմաններն աշխատավայրում։ 


Հաշվի առնելով տնային աշխատանքում խնամքի բերումով սերտ շփումների հանգամանքը, հնարավոր է, որ վարակիչ հիվանդություններով վարակվելու կամ որևէ նյութերից օգտվելիս թունավորման արդյունքում տուժեն ոչ միայն տնային աշխատողները, այլև տնային տնտեսության անդամները։ Ուստի առողջ և անվտանգ պայմաններ սահմանելը և դրանց հետևելը օգտակար են երկուստեք։


Տնային աշխատանքում անվտանտության ու առողջության ապահովումը բխում է և՛ գործատուի և՛ տնային աշխատողի շահերից և իրավունքներից։


Մասնավոր տնային տնտեսություններում բնակվողները կարող են մտածել, որ իրենց տներն ապահով վայրեր են, բայց, երբ տնային տնտեսությունը սկսում է օգտվել տնային աշխատողի՝ դայակի, մաքրողի, այգեպանի, վարորդի ծառություններից, նույն այդ տները դառնում են աշխատավայրեր, և ունեն առողջության և անվտանգության հետ կապված ռիսկեր այն մարդկանց համար, ովքեր աշխատում են այդ տանը։


Տնային աշխատողի համար ցանկացած բնակավայր, որտեղ ապրում է գործատուն, լինի դա մշտական բնակության վայիր հանդիսացող տունը, թե ժամանակավոր կացարանը, օրինակ՝ հյուրատունը կամ հյուրանոցը, համարվում է աշխատավայր։


Թեև տնային աշխատանքը կարևոր դերակատարում ունի բոլորիս կյանքում, այս տեսակի աշխատանքների  համար առողջության և անվտնագության ներհատուկ կանոններ սահմանված չեն։


Անհրաժեշտ է օրենսդրական մակարդակում տնային աշխատանքին ներհատուկ անվտանգության և առողջության կանոնների, ինչպես նաև տնային աշխատանքի նկատմամբ տեսչական հսկողության իրականացման ընթացակարգերի սահմանում։


Միևնույն ժամանակ, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված աշխատանքային համընդհանուր պայմաններից որոշները կարող են նաև կիրառելի լինել տնային աշխատանքի դեպքում։


ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված են աշխատանքի  այնպիսի պայմաններ, ինչպիսիք են․  

1) մեխանիզմների, սարքավորումների և աշխատանքի այլ միջոցների սարքին վիճակը,

2) տեխնիկական փաստաթղթերով ժամանակին ապահովելը,

3) աշխատանքի կատարման համար անհրաժեշտ նյութերի և գործիքների պատշաճ որակը և դրանք ժամանակին տրամադրելը,

4) արտադրությունն ապահովելը էլեկտրաէներգիայով, գազով և էներգիայի այլ տեսակներով,

5) առողջության համար աշխատանքի անվտանգ և անվնաս պայմանները (անվտանգության տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանումը, պատշաճ լուսավորությունը, ջեռուցումը, օդափոխությունը, սահմանված նվազագույն նորմաներից ցածր աղմուկը, ճառագայթումը, վիբրացիան և աշխատողի առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ գործոններ),

5) հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ տրամադրելը,

6) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են որոշակի աշխատանքներ կատարելու համար:


Ինչպես տեսնում ենք, ոչ բոլոր պայմաններն են, որ կարող են կիրառելի լինել տնային աշխատողների պարագայում։


Այդուհանդերձ, որոշ կարգավորումներ հնարավոր է առանձնացնել  նաև տնային աշխատողների համար։ Օրինակ․

  • Գործատուն չի կարող աշխատողից պահանջել անցնելու աշխատանքային պարտականությունների կատարմանը, եթե վերջինս աշխատանքի անվտանգության ուսուցում և (կամ) հրահանգավորում չի անցել:

  • Աշխատողներին հանգստանալու, զգեստափոխվելու, հագուստը, կոշիկները, անհատական պաշտպանության միջոցները պահպանելու համար գործատուի մոտ կահավորվում են սանիտարական և անձնական հիգիենայի սենյակներ կամ համապատասխան առանձնացված տեղեր` լվացարաններով, ցնցուղարաններով, զուգարաններով:


Հիշե՛ք․ տնային աշխատողները հաճախ բախվում են աշխատանքային հետևյալ ռիսկերին և վտանգներին

  • վնասակար նյութերով աշխատանք,

  •  ծանր առարկաներ բարձրացնել,

  • տնից դուրս պարտականությունները կատարելիս արտաքին վտանգներ և հնարավոր դժբախտ պատահարներ երթևեկության ժամանակ,

  • բարձ տեղեր բարձրանալ, սայթաքել, վառվել,

  • բանավոր վիրավորանք, բռնություն, այդ թվում՝ սեռական ոտնձգություն։


Տնային աշխատանքում առողջ և անվտանգ պայմանների ապահովման համար

կարևոր է, որպեսզի

  • Գործատուներն ու տնային աշխատողները միասին հասկանան աշխատանքի առանձնահատկությունները և պահանջները։

  • Մինչ աշխատանքի անցնելը տնային աշխատողը ծանոթանա տարածքին, գործածվող իրերի և տեխնիկայի շահագործման պայմաններին։

  • Գործատուն և տնային աշխատողը նախապես միմյանց հայտնեն առողջության և անվտանգության խնդիրների կամ մտահոգությունների մասին։

  • Տնային աշխատողը պահանջի և ստանա անհատական պաշտպանության միջոցներ` օրինակ, ձեռնոց, դիմակ, գլխարկ, արևապաշտպան քսուկ և այլն։

  • Պարբերաբար, գործատուի աջակցությամբ, տնային աշխատողը բժշկական հետազոտություններ անցնի։ 

  • Գործատուն և տնային աշխատողը պատվաստվեն տարատեսակ հիվանդությունների դեմ։

Հիշե՛ք, եթե տնային տնտեսությունում աշխատանքի արդյունքում տնային աշխատողը կրում է առողջության վնասներ կամ եթնարկվում է բռնության, վերջինս կարող է բողոք ներկայացնել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, իսկ բռնության մի շարք դրսևորումների դեպքում նաև ոստիկանություն։




Ի՞նչ է բռնությունը, խտրականությունն ու շահագործումը տնային աշխատանքում։


Բռնությունը տնային աշխատանքում։


Բռնությունն աշխատավայրում կամ աշխատանքային պարտականությունների կատարման այլ վայրում աշխատողի կամ երրորդ անձի դեմ ուղղված բռնի կամ բռնության սպառնալիք պարունակող միանգամյա կամ կրկնվող արարք է, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ֆիզիկական, հոգեկան, սեռական կամ տնտեսական վնասի կամ անձի համար թշնամական կամ նվաստացուցիչ միջավայրի ձևավորման:


Բռնության մաս է կազմում նաև սեռական ոտնձգությունը, որը աշխատավայրում կամ աշխատանքային պարտականությունների կատարման այլ վայրում սեռական բնույթի անցանկալի արարք է, որն ունի ֆիզիկական կամ խոսքային կամ ոչ խոսքային դրսևորում (ներառյալ՝ սեռական բնույթի առաջարկները, հպումները), և որն ուղղակի կամ անուղղակի ազդում է անձի` աշխատանքի վերաբերյալ որոշումների կայացման վրա կամ ստեղծում է արժանապատվությունը նվաստացնող կամ սոցիալական մեկուսացման դրդող աշխատանքային միջավայր։


Աշխատանքում բռնությունը կամ սեռական ոտնձգությունն արգելվում է:


Տնային աշխատանքի մի շարք առանձնահատկություններով է պայմանավորված բռնության (բանավոր/հոգեբանական, ֆիզիկական), այդ թվում սեռական ոտնձգությունների ենթարկվելու զգալի հավանականությունը։ Այսպես․

  • Տնային աշխատողների աշխատանքը մեծամասամբ կատարվում է տանը` մեկուսացված և փակ դռների հետևում։

  • Սովորաբար տունը չի դիտարկվում աշխատավայր և չի հսկվում պետական մարմինների կողմից։

  • Տնային աշխատանքում հարաբերությունները հաճախ չունեն պաշտոնական բնույթ, իրականացվում են չգրանցված/ոչ ֆորմալ աշխատանքի տեսքով։

  • Բռնության հավանականությունն ավելի մեծ է, եթե տնային աշխատողը բնակվում է տվյալ տնային տեսությունում։ Այս պարագայում սովորաբար տնային աշխատողը գտնվում է գործատուից լիարժեք ֆինանսական կախվածության մեջ, ինչը բարդացնում է իր հետ կատարվածի մասին բարձրաձայնելու ցանկությունը։

  • Տնային աշխատողների հանդեպ հասասրակությունում առկա են տվյալ աշխատանքը արժեզրկող կարծրատիպեր։ Տնային աշխատանքը թերագնահատվում է այն թյուր ընկալմամբ, որ նման աշխատանք կատարելու համար հատուկ հմտություններ և գիտելիքներ չեն պահանջվում


Խտրականությունն ու շահագործումը տնային աշխատանքում։


Խտրականությունը աշխատավայրում սեռի,  մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, քաղաքական կամ այլ հայացքների, գույքային վիճակի, ծնունդի,  տարիքի կամ  այլ հանգամանքների պատճառով ուղղակի կամ անուղղակի տարբերակումն է աշխատողների միջև, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը։


Շահագործումը աշխատավայրում աշխատողի չարաշահումն  է շահույթ ստանալու նպատակով։


Տնային աշխատանքի շրջանակներում խտրականությունն ու չարաշահումը կարող են ունենալ տարբեր դրսևորումներ։ Օրինակ

  • Միևնույն կամ հավասարժեք աշխատանքի համար տնային աշխատողների միջև տարբերակված վարձատրությունը (օրինակ, կին տնային աշխատողին ավելի քիր վճարելը տղամարդ տնային աշխատողին)։

  • Աշխատավարձի պահումը (օրինակ, «պարտքի» դիմաց):

  • Արձակուրդ կամ ընդմիջում չտրամադրելը։

  • Անվտանգ աշխատանքային պայմանների բացակայությունը։

  • Առանց վարձատրության լրացուցիչ ժամեր աշխատել կամ լրացուցիչ պարտականություններ իրականացնել պարտադրելը։




Ի՞նչ անել, եթե ենթարկվել եք բռնության, խտրականության կամ շահագործման։


Պաշտպանության բավարար երաշխիքների բացակայության դեպքում յուրաքանչյուր տնային աշխատող՝ անկախ սեռից, ռասայական պատկանելիությունից, հաշմանդամությունից և անձնական կամ սոցիալական այլ հատկանիշներից, կարող է հանդիսանալ բռնության կամ շահագործման թիրախ։


Այնուամենայնիվ, կին աշխատողները, երեխաները և փախստական, միգրանտ, աշխատողները համարվում են առավել խոցելի տնային աշխատանքում։ Ինչու՞․

  • Շատ տնային աշխատողներ, որոնց մեծ մասն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կանայք են, իրենց աշխատանքում ենթարկվում են շահագործման։ Կին աշխատողները խոցելի են վարձատրության անհավասարության և տնային աշխատանքներում կնոջ դերի կարծրատիպային ընկալումների պատճառով։ Կին աշխատողները խոցելի են նաև սեռական ոտնձգության ենթարկվելու առումով։

  • Երեխաները, ովքեր ներգրավված են որպես տնային աշխատող կամ ովքեր տնային աշխատող հանդիսացող ծնողի գնում են աշխատանքի կարող են կատարել իրենց տարիքին և զարգացմանը չհամապատասխանող աշխատողներ, իսկ առավել մանկահասակ երեխաների դեպքում ներգրավվումը տնային աշխատանքում կարող է առհասարակ արգելված լինել։ Տնային աշխատանքում ներգրավված կամ տնային աշխատող հանդիսացող ծնողին ուղեկցող երեխան կարող է զրկվել կրթության, հանգստի, ժամանցի հնարավորություններից, առերեսվել նույն վտնանգերի և ռիսկերի հետ ինչ իրենց ծնողները։

  • Փախստական և միգրանտ աշխատողները հաճախ սոցիալակապես ավելի խոցելի և աշխատանքից կախյալ վիճակում են գտնվում, ուստի մեծ է վտանգը, որ վերջիններս կհամաձայնեն ցանկացած պայմանի, որպեսզի չկորցնեն աշխատանքը։


Հիշե՛ք․ յուրաքանչյուր տնային աշխատող պետք է աշխատանի բռնությունից զերծ, պաշտպանված և արժանապատիվ պայմաններում։


Բռնության, խտրականության և շահագործման արդյունքում խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել՝ դիմելով իրավունքների  պաշտպանության տարբեր միջոցներին։

  • Լավագույն պաշտպանության միջոցը կարող է լինել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմելը գրավոր կամ բանավոր եղանակով։

  • Խնդիրների բարդության աստիճանից կախված՝ պաշտպանության միջոց կարող է ծառայել նաև ՀՀ ոստիկանություն դիմելը։

  • Պաշտպանության միջոցներ են համարվում նաև ՀՀ առողջության և աշխատանքի  տեսչական մարմինին բողոք ներկայացնելը և դատարան հայց ներկայացնելը։

  • Կարևոր է նաև լինել իրազեկ այն հասարակական կազմակերպությունների գործունեությանը, որոնք կարող են թիրախավորված օգնություն ցուցաբերել նկարագրված դեպքերում։




Ի՞նչպես կարող են տնային աշխատողներն ու նրանց գործատուները լուծել աշխատանքային վեճերը։


Աշխատանքային վեճը աշխատողի և գործատուի միջև տարաձայնությունն է, որն առաջանում է միյնանց միջև սահմանված իրավունքների և պարտականությունների կատարման ժամանակ:


Իրավունքներն ու պարտականությունները կարող են սահմանված լինել ՀՀ օրենսդրությամբ կամ կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրով։


Անհամաձայնությունը կամ վեճը կարող է վերաբերել կատարվող աշխատանքի որակին, ընթացին, վարձատրությանը, աշխատանքային ժամերին և կողմերի համար կարևոր հանդիսացող այլ պայմաններին.


Հիշե՛ք․ աշխատողը կարող է պաշտպանել իր իրավունքները, անգամ եթե չունի կնքված պայմանագիր։


Այսպես եթե աշխատողը իրենից պահանջվող գործողությունները կատարում է մշտապես կամ պարբերաբար, և տնային տնտեսությունը վարողի հսկողությամբ և ուղղորդմամբ, նրա կողմից տրամադրվող նյութերով և նրա կողմից վայրում, ապա փաստացի գոյություն ունի հաստատված աշխատանքային հարաբերություն։


Նույնիսկ եթե չկա կնքված գրավոր պայմանագիր, աշխատողը կամ գործատուն կարող են պաշպանել իրենց խախտված իրավունքները։


Հարկ է նշել, սակայն, որ տնային աշխատանքին ներհատուկ սերտ և ոչ պաշտոնական հարաբերությունը դժվարացնում է վեճերի լուծումը։


Շատ դեպքերում աշխատողն ամաչում է իրեն հուզող հարցերը բարձրաձայնել։ Ինչը ժամանակի ընթացքում էլ ավելի է բարդացնում աշխատանքային վեճի հանգուցալուծումը։

Հիշե՛ք․ եթե առկա է անհամաձայնություն, արժե դրա վերաբերյալ խոսել և քննարկել գործատուի հետ։ Հաճախ դրանք լուծվում են երկուստեք համաձայնության գալով։


Սակայն կարող են լինել իրավիճակներ, երբ կողմերը չեն ցանկանում հաշտվել կամ պայմանավորվել։ Նման դեպքերում, կախված վեճի բնույթից հնարավոր է դիմել․

  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին,

  • ՀՀ ոստիկանությանը,

  • ՀՀ առողջության և աշխատանքի տեսչական մարմնին։


Վերոնոշյալ մարմիններին դիմելն անվճար  է։


Անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել`  հակիրճ ներկայացնելով ծագած խնդիրը և կցել անձը հաստատող փաստաթուղթ։


Որոշ դեպքերում կարող է դատական կարգով իրավունքների պաշտպանության կարիք առաջանալ։


Դատարան կարգով իրավունքների արդյունավետ պաշտպանության համար կարող է պահանջվել մասնագիտական խորհրդատվություն։


Բացի այդ դատարան պահանջ /հայց/ ներկայացնելու համար անհրաժեշտ է վճարել օրենքով սահմանված պետական տուրք (եթե չկան դրանից ազատվելու կամ տուրքի վճարումը տարաժամկետելու հիմքերը), որը դրամական պահանջների դեպքում կազմում է պահանջի 3 տոկոսը, սակայն ոչ պակաս քան 6000 ՀՀ դրամը և ոչ դրամական պահանջների դեպքում` 20 000 ՀՀ դրամի չափով։


Վեճը աշխատողի օգտին լուծվելու դեպքում վճարված պետական տուրքի գումարները գործատուից կարող են գանձնվել հօգուտ աշխատողի։


---

Հետևե՛ք արշավին Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի, ՀՌԿԿ-Հայաստանի և ՄԱԿ-ի կանանց հարցերով հայաստանյան գրասենյակի պաշտոնական էջերում՝ Ֆեյսբուքում և Ինստագրամում։

----

Ծրագիրն իրականացվում է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։







283 views
bottom of page