top of page

Ավարտվեց ՄԻՀԿ-ի «Երեկոյան դպրոցի» երկրորդ շրջափուլը




Դեկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնն (ՄԻՀԿ) ամփոփեց «Իրավական հետազոտությունների և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» խորագրով երեկոյան դպրոցի 2-րդ շրջափուլը, որն այս անգամ իրականացվել է Հայաստանի եվրոպական համալսարանի (ՀԵՀ) հետ համագործակցությամբ` Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։


Փակման արարողությանը Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյանը և Հայաստանի եվրոպական համալսարանի իրավագիտության ամբիոնի ղեկավար Իզաբելլա Իսկանդարյանը շուրջ 20 մասնակցի հանձնեցին ավարտական վկայագրերը:


Անահիտ Սիմոնյանը և Իզաբելլա Իսկանդարյանը շնորհավորեցին ունկնդիրներին Երեկոյան դպրոցը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և կարևորեցին դպրոցի շրջանակում ձեռք բերած գիտելիքներն ու կապերը:


Անահիտ Սիմոնյանը մասնավորապես կարևորեց Երեկոյան դպրոցի շարունակականությունը: Այս համատեքստում նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի եվրոպական համալսարանին համագործակցության համար:

«Սա մեր երկրորդ Երեկոյան դպրոցն էր։ Ակադեմիական միջավայրերում մարդու իրավունքների կրթության խթանումը մեր գործունեության կարևորագույն ուղղություններից է: Ես հույս ունեմ, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային նորմերին և ոլորտայի հետազոտությունների իրականացման մեթոդներին և հիմնահարցերի ծանոթացումը կնպաստի ձեր մասնագիտական առաջընթացին»,-նշեց նա:

Անահիտ Սիմոնյանը նաև շնորհակալություն հայտնեց Երեկոյան դպրոցում ներգրաված փորձագետ-դասախոսներին, որոնք այս շաբաթների ընթացքում մասնակիցների հետ կիսվեցին իրենց բացառիկ փորձով և գիտելիքներով` ապահովելով դպրոցի փորձագիտական բարձր մակարդակը:


ՀԵՀ Իրավագիտության ամբիոնի ղեկավար Իզաբելլա Իսկանդարյանն իր հերթին շնորհակալություն հայնտեց ՄԻՀԿ-ի թիմին արդյունավետ համագործակցության համար և կարևորեց Երեկոյան դպրոցի 2-րդ շրջափուլի կայացման շնորհիվ ուսանողների ցանցի ընդլայնումը։


«Երեկոյան դպրոցը մասնագիտական նոր կապեր ստեղծելու լավ հաթակ է եղել ձեզ համար: Ես ցանկանում եմ, որ դուք չկորցնեք միմյանց. շարունակեք այն շփումը, որը ձևավորվեց դպրոցի ընթացքում, կապի մեջ լինեք այն առաջատար փորձագետների հետ, ում հետ ծանոթանալու հնարավորություն ունեցաք»,-ասաց նա:

Դպրոցի փակմանը ներկա էր նաև Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի (ՀՌԿԿՀ) հետազոտությունների գծով փոխտնօրեն, դպրոցի դասախոս Հայկ Սմբատյանը: Նա ևս շնորհավորեց մասնակիցներին և խոսեց նման նախաձեռնությունների կարևորության և արդյունավետության մասին:


Միջոցառման ավարտին մասնակիցները հյուրասիրության շուրջ քննարկեցին Երեկոյան դպրոցի երեք շաբաթների ընթացքում ձեռք բերած գիտելիքները, կիսվեցին մարդու իրավունքների ոլորտում հետազոտություններ իրականացնելու իրենց գաղափարներով:


Մեզ համար արժեքավորել էր նաև արձանագրել, որ Երեկոյան դպրոցի ունկնդիրներից շատերը նշեցին դպրոցին մասնակցության արդյունքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց մասնագիտական գործունեությունը շարունակելու որոշման մասին։


«Իրավական հետազոտությունների և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» խորագրով երեկոյան դպրոցի 2-րդ շրջափուլին մասնակցեցին Հայաստանի մի շարք ակադեմիական հաստատություններից ուսանողներ և նորավարտ մասնագետներ՝ ներկայացնելով մասնագիտական շուրջ 7 ոլորտներ, այդ թվում՝ իրավաբանությունը, պատմաբանությունը, տնտեսագիտությունը, սոցիալական աշխատանքը, լեզվաբանությունը։


Երեկոյան դպրոցը Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի շարունակական նախաձեռնությունն է, որն իրականացվում է ՄԻՀԿ-ի ակադեմիական գործընկերների հետ ջանքերի համատեղմամբ։


ՄԻՀԿ-ի «Երեկոյան դպրոց» նախաձեռնության նպատակն է ուսանողների և երիտասարդ մասնագետների շրջանում մարդու իրավունքների միջազգային նորմերի վերաբերյալ իրազեկության բարձրացումը և մարդու իրավունքների ոլորտում հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ հմտությունների զարգացումը։


ՄԻՀԿ-ի «Երեկոյան դպրոց» նախաձեռնության մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։


Երեկոյան դպրոցն իրականացվել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։


Երեկոյան դպրոցի 2-րդ շրջափուլի փակման արարողության նկարների շարքը՝ ստորև։



59 views
bottom of page