top of page

Աշխատանքային իրավունքների խնդիրները հանքարդյունաբերության ոլորտում



Դեկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորումին ներկայացրեց Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովմանն առնչվող առանցքային խնդիրների հաղթահարման քաղաքականության փաստաթուղթը (փաստաթղթի մշակման և առանջային ներկայացման մասին կարող եք կարդալ այստեղ

Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորումը կազմակերպվել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից։ Ֆորումի ընթացքում ներկայացվեցին թափանցիկ և հաշվետու հանքարդյունաբերության խթանման նպատակով ԹԻՀԿ և գործընկեր կազմակերպությունների կողմից մշակված հանրային վերահսկողության գործիքները։


Ի դեմս ՄԻՀԿ-ի ֆորումին մասնակցեցին կազմակերպության տնօրեն Անահիտ Սիմոնյանը և ներկայացվող քաղաքականության փաստաթղթի հեղինակ իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը՝ անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության բացերին։ Հիշեցնենք, որ փաստաթուղթը ՄԻՀԿ-ի կողմից պատրաստվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի (ՀԱՀ ՊՀԿ) պատվերով։


Քննարկվող խնդիրների կարգավորման կապակցությամբ ՄԻՀԿ-ի կողմից ներկայացվող հիմնական առաջարկներ են, ի թիվս այլնի՝

  • Պետության կողմից Մասնագիտական առողջության և աշխատանքային անվտանգության պահպանման ազ­գա­յին քա­ղաքա­կա­նութ­յան մշակում և ընդունում, որի կենտրոնական նպատակը կլինի աշխատանքի վտանգների ռիսերի նվազեցումը և վնասակարության կանխարգելումը և որը միջազգային ստանդարտների համապատասխան կստեղծի համակարգման արդյունավետ մեխանիզմ։

  • Հանքարդյունաբերության ոլորտում աշխատողների առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրում։

  • Հանքարդյունաբերության ոլորտում Տեսչական ստուգումների արդյունավետության ապահովում՝ Տեսչական մարմնի գործիքակազմի և Տեսչական մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների ընդլայնման և Տեսչական մարմնի մարդկային և նյութական ռեսուրսների ավելացնման միջոցով։

  • Պետության կողմից հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային պայմանների և աշխատանքի անվտանգության հետ կապված լայնածավալ հետազոտության իրականացում՝ վերհանելով օրենսդրական, ինստիտուցիոնալ և պրակտիկ մակարդակում առկա բոլոր բացերն ու խնդիրները։

  • Վավերացնել Աշ­խա­տան­քի անվ­տան­գութ­յան և­ ա­ռողջութ­յան մա­սին ԱՄԿ C155 կոն­վեն­ցիան։

Ֆորումի ընթացքում քննարկումների և ներկայացումների միջոցով, հանքարդյունաբերության քաղաքականության մշակման պատասխանատուների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ խոսվեց Հայաստանում հանքարդյունաբերության առանցքային մի շարք այլ խնդիրների մասին, ինչպես նաև քննարկվեցին բարձրաձայնած խնդրների լուծմանն ուղղված առաջարկություններ։


Շնորհակալ ենք ԹԻՀԿ-ին և գործընկեր կազմակերպություններին ֆորումը կազմակերպելու և ոլորտային խնդիրների ներկայացման հարթակի տրամադրման համար, որի շրջանակում քննարկած առաջարկությունները կարևոր են նաև հանքարդյունաբերության ոլորտում ներկայումս մշակվող ռազմավարության մեջ ներառման առումով։


----

Տվյալ հոդվածում ներկայացված տեղեկության և նկարների սկզբնաղբյուր է հանդիսանում ֆորումի վերաբերյալ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ֆեյսբուքյան էջում ս․թ․ դեկտեմբերի 16-ին հրապարակված նյութը։








79 views
bottom of page