top of page

Տնաշխատների աշխատանքային իրավունքների պաշտպանության օրակարգի առաջխաղացումը Հայաստանում



Փետվարի 29-ին Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը գործընկեր կառույցների՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն- Հայաստանի (ՀՌԿԿ-Հայաստան) և ՄԱԿ-Կանայք հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ներկայացրեց Հայաստանում տնաշխատների աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրների շուրջ իրականացվող ծավալուն հետազոտության արդյունքները։


Կոնսորցիումի ջանքերի հատատեղմամբ իրականացվող այս հետազոտության նպատակն է ձևակերպել Հայաստանում տնաշխատների համար արժանապատիվ աշխատանքային պայմանների և շահագործումից զերծ միջավայրի ապահովման օրակարգը՝ ոլորտային դերակատարների ուշադրության առանցք բերելով իրավական դաշտի կատարելագործման, երաշխիքների ապահովման և իրազեկվածության բարձրացման խնդիրները։

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի (ՄԻՀԿ) տնօրեն Անահիտ Սիմոնյանը, մասնավորապես, նշեց, որ տնաշխատների աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնահարցերը մինչ օրս դուրս են մնացել ոլորտային մտահոգությունների և պետության ուշադրության առանցքից, մինչդեռ դրանք Հայաստանում մարդու իրավունքների և աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևոր խնդիրներից են։


ՄԻՀԿ-ի իրավական փորձագետ Իզաբելլա Իսկանդարյանը քննարկման մասնակիցներին համալիր կերպով ներկայացրեց տնաշխատության ոլորտի էությունն ու կարևորությունը, անդրադարձավ տնաշխատների համար արժանապատիվ աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ միջամտություններին, իրականացված հետազոտությամբ վերհանված իրավական և գործնական խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծումներին և հետազոտական առաջարկներին՝ հիմք ընդունելով միջազգային վերաբերելի չափանիշները, մասնավորապես, Տնաշխատների մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) թիվ 189-րդ կոնվենցիայով նախատեսվող կարգավորումները։


ՀՌԿԿ-Հայաստանի վերլուծաբան Արուսյակ Ոսկանյանը ներկայացրեց խնդրի սոցիալ-տնտեսական համատեքստը, առկա միտումները և ամփոփեց հետազոտության շրջանակներում մինչ այժմ հավաքագրված որակական տվյալները՝ ներկայացնելով տնաշխատների աշխատանքային պայմանների և աշխատանքի հետ կապված խնդիրների վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ։


Ներկայացմանը մասնակցեցին ոլորտային կազմակերպությունների, պետական պատկան մարմինների, ակադեմիական և փորձագիտական շրջանակների ներկայացուցինչեր։ Մասնակիցները շեշտեցին կոնսորցիումի կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև մեզ հետ կիսեցին մի շարք արժեքավոր դիտարկումներ և առաջարկներ։


Մեր կոնսորցիումը շարունակելու է ակտիվ քննարկումները ոլորտի ներկայացուցիչների հետ՝ գտնելու և տեղայնացնելու իրավական և գործնական լուծումներ՝ Հայաստանում տնաշխատների իրավունքների պաշտպանության հիմքեր դնելու համար։


Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից։
















52 views

Comments


bottom of page