top of page

Երեկոյան դպրոցի երրորդ շրջափուլը մեկնարկեց


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ)` «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի (ՀՖՀՀ) հետ համագործակցությամբ և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ մեկնարկեց «Իրավական հետազոտություններ և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» խորագրով երեկոյան դպրոցի երրորդ շրջափուլը։


Մայիսի 29-ին տեղի ունեցավ դպրոցի բացման արարողությունը։ Բացմանը ներկաներին ողջունեցին և հաջողություն մաղթեցին ՄԻՀԿ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանը, ՀՖՀՀ-ի ռեկտոր Սալվա Նակուզին և Իրավագիտության ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը։

Անահիտ Սիմոնյանը, ողջունելով Երեկոյան դպրոցի երրորդ շրջափուլի մասնակիցներին, իր խոսքում նշեց, որ Երեկոյան դպրոցը ստեղծում է միջավայր, որը զարգացնում է հետազոտահենք մտածելակերպը և խրախուսում մարդու իրավունքների խնդիրների գիտական ուսումնասիրությունը։ «Մեր կողմից Երեկոյան դպրոցը նախաձեռնելու հիմնական նպատակն էր մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերի արդիականացումը ակադեմիական միջավայրում։ Այս առումով մենք արժևորում ենք Երեկոյան դպրոցի տեսլականն ու արժեքները կիսող ակադեմիական հաստատությունների հետ համագործացությունը և շատ ուրախ ենք, որ Երեկոյան դպրոցի հերթական շրջափուլը տեղի է ունենալու ՀՖՖՀ-ում», - նշեց նա։


Սալվա Նակուզին կարևորեց մեր օրերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների հետ կապված մարտահրավերներին պատրաստ լինելը։ «ՄԻՀԿ-ի և ՀՖՀՀ-ի կողմից համատեղ իրականացվող Երեկոյան դպրոցի նպատակն ուսանողների և երիտասարդ մասնագետների շրջանում մարդու իրավունքների միջազգային չափանիշների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է և այս ոլորտում լուրջ հետազոտություններ իրականացնելու և տարբեր պաշտպանական մեխանիզմներն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ հմտությունների զարգացումը։ Միասին մենք ձգտում ենք կրթել բանիմաց առաջնորդների նոր սերունդ, որը կարող է պաշտպանել մարդկության հիմնարար արժեքները և կերտել ապագա, որտեղ բոլորի իրավունքները հարգված և պաշտպանված կլինեն:»,- նշեց նա իր ողջույնի խոսքում։


Կարին Յովսէփեանը հույս հայտնեց, որ համալսարանի և հետազոտությունների կենտրոնի միջև համագործակցությունը կշարունակվի և կզարգանա՝ հաշվի առնելով իրավաբանների հետազոտական աշխատանքներ իրականացնելու հմտությունները հզորացնելուն ուղղված երկուսի նպատակները։


Երեկոյան դպրոցն ընթանալու է մայիսի 29-ից հունիսի 21-ը։

Երեկոյան դպրոցում դասավանդում են մարդու իրավունքների ոլորտի առաջատար մասնագետներ՝ հետազոտողներ, իրավաբաններ և իրավապաշտպաններ։ Երեկոյան դպրոցն իր ունկնդիրներին տրամադրում է բազմաոլորտային գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև հնարավորություն ընդլայնել մարդու իրավունքների ոլորտում հետագա համագործակցությունների հնարավորությունները։


«Երեկոյան դպրոցը» Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի շարունակական նախաձեռնությունն է, որն իրականացնում ենք մեր ակադեմիական գործընկերների հետ ջանքերի համատեղմամբ։ Նախորդ անգամները երեկոյան դպրոցը իրականացվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Հայաստանի եվրոպական համալսարանի (ՀԵՀ) հետ համագործակցությամբ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։




31 views

Comments


bottom of page