Մայիսի 18-ին և 25-ին Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը հյուրընկալել էր մասնավոր տնային տնտեսություններում աշխատող և տնային աշխատողների ծառայություններից օգտվող անձանց՝ «Եկե՛ք խոսենք տնային աշխատանքի մասին» խորագրով հանդիպում-քննարկումների շրջանակում։
Հանդիպումների ընթացքում կողմերը կիսվեցին իրենց փորձով, տեղեկացան միմյանց շահերի, պարտականությունների և իրավունքների պաշտպանության միջոցների մասին, ինչպես նաև ձեռք բերեցին նոր ծանոթություններ։
Հանդիպումները վարեցին ՄԻՀԿ-ի իրավական փորձագետ Իզաբելլա Իսկանդարյանը և ՄԻՀԿ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանը։
Քննարկումների առանցքում էր տնային աշխատանքի տիպային պայմանագրի ուսումնասիրումը, որը մշակվել է ՄԻՀԿ-ի փորձագիտական թիմի կողմից և ներկայացվել է քննարկման մասնակիցներին։ Տիպային պայմանագիրը կոչված է օգնելու մեր հանդիպումների մասնակիցներին աշխատանքային հարաբերությունների ֆորմալացման, աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացներում։
Քննարկումների մասնակիցները հնարավորություն ունեցան նաև իրենց հուզող հարցերի շուրջ զրուցել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Միքայել Խաչատրյանի հետ, ովքեր մայիսի 18-ի և մայիսի 25-ի հանդիպումների հյուրերն էին։
Տիրուհի Նազարեթյանի հետ հանդիպման մասնակիցները քննարկեցին տնային աշխատողների միավորման հնարավորություններն ու հեռանկարները։ Տնային աշխատողների միավորումը պետք է հանդիսանա տնային աշխատանքի ոլորտում արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովման կարևորագույն խթան։
Միքայել Խաչատրյանն իր հերթին մասնակիցներին ներկայացրեց աշխատանքային իրավունքների ոտնահարման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու հնարավորությունների մասին՝ ընգծելով տնային աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգային բացերի հասցեագրման կարևորությունը։
Մենք լիահույս ենք, որ «Եկե՛ք խոսենք տնային աշխատանքի մասին» հանդիպում-քննարկումների շարքը և դրան նախորդող հանրային իրազեկման արշավը կարևոր էին Հայաստանում տնային աշխատանքի և աշխատողների մասին իրազեկվածության բարձրացման, տնային աշխատողների իրավունքների ջատագովության, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման կառուցակարգերի զարգացման առումով։
Մեր թիմը շնորհակալ է հանդիպման բոլոր մասնակիցների, այդ թվում՝ «Ժպիտ քեզ» հասարական կազմակերպությանը և կազմակերպությանն անդամակցող տնային աշխատողներին հանդիպումներին միանալու, տնային աշխատանքի ոլորտում արժանապատիվ աշխատանքի օրակարգի կայացումը կարևորելու համար։
«Եկե՛ք խոսենք տնային աշխատանքի մասին» հանդիպում-քննարկումների շարքն իրականացրեց Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) «Արժանապատիվ աշխատանքային պայմանների տնային աշխատողների համար» իրազեկման արշավի շրջանակներում։
Ծրագիրն իրականացնում են Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը, (ՄԻՀԿ), Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը (ՀՌՌԿ-Հայաստան) և ՄԱԿ-ի կանանց հարցերով հայաստանյան գրասենյակը՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության եւ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Comments