
Հունիսի 21-ին կայացավ «Իրավական հետազոտություններ և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» երեկոյան դպրոցի 3-րդ շրջափուլի փակման արարողությունը, որն իրականացվել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի» (ՀՖՀՀ) հետ համագործակցությամբ և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։
ՄԻՀԿ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը հանձնեցին ավարտական վկայականները՝ կարևորելով դպրոցի ընձեռած հնարավորությունները և այն գիտելիքների պաշարը, որ ուսանողներն արդեն ունեն։
Անահիտ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ՀՖՀՀ-ին կարևոր համագործակցության համար և Երեկոյան դպրոցում ներգրաված փորձագետ-դասախոսներին՝ իրենց բացառիկ փորձն ու գիտելիքները դպրոցի ունկնդիրների հետ կիսելու համար: Շարունակելով իր խոսքը՝ Անահիտ Սիմոնյանը շեշտեց, որ Երեկոյան դպրոցին մինչ այժմ մասնակցել են Հայաստանի շուրջ 10 ակադեմիական հաստատություններից ուսանողներ և նորավարտ մասնագետներ։
Անահիտ Սիմոնյանը մասնավորապես կարևորեց Երեկոյան դպրոցի շարունակականությունը:
Կարին Յովսէփեանը նույնպես շնորհակալություն հայտնեց ՄԻՀԿ-ին Երեկոյան դպրոցի շրջանակում համագործակցելու հնարավորության համար: Նա ընդգծեց, որ դպրոցի ծրագրում ինտեգրված հետազոտության մեթոդների ուսուցումը և բազմամասնագիտական մոտեցումը հատկապես հետաքրքիր և հավելյալ արժեք տվեցին դասընթացին:
Տիկին Յովսէփեանը նաև խրախուսեց մասնակիցներին շարունակել խորանալ երեքշաբաթյա դասընթացի ընթացքում ուսումնասիրած հիմնախնդիրներում և հույս հայտնեց տեսնել շրջանավարտների կողմից կատարված կամ հրապարակված հետազոտություններ:
Երեկոյան դպրոցի փակման արարողությունից հետո մասնակիցները և դասախոսները շարունակեցին փորձի փոխանակումն արդեն ոչ ֆորմալ ձևաչափով։
ՄԻՀԿ-ի «Երեկոյան դպրոց» նախաձեռնությունն արդեն իսկ իրականացվել է երեք շրջափուլով՝ ակադեմիական գործընկերների հետ ջանքերի համատեղմամբ, և ունի շուրջ 70 շրջանավարտ։
Երեկոյան դպրոցի երեք շրջափուլերի ակադեմիական գործընկերներն են հանդիսացել Հայաստանի ամերիկյան համալսարանը (առաջին շրջափուլ), Հայաստանի եվրոպական համալսարանը (երկրորդ շրջափուկ), Հայաստանում ֆրանսիական համալսարանը (երրորդ շրջափուլ)։ «Երեկոյան դպրոց» նախաձեռնության մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
Մեր թիմը բարձր է գնահատում նաև համագործակցությունը Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի հետ (EED)՝ Երեկոյան դպրոցի այս երեք շրջափուլերի կայացմանն աջակցելու համար։










Comments