Վերջին շաբաթների ընթացքում Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) ակտիվորեն աշխատել է ՄԱԿ-ի մարմինների հետ՝ մասնակցելով Ժնևում ընթացող կոմիտեների նստաշրջաններին և անդրադառնալով օրակարագային խնդիրներին։
Ս․թ․ սեպտեմբերի 18-22-ը ՄԻՀԿ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանը մասնակցել է Կին իրավապաշտպանների միջազգային կոալիցիայի կողմից Ժնևում իրականացվող ադվոկացիոն շաբաթին։
Նպատակն էր միջամերիկյան, եվրոպական, աֆրիկյան և ասիական տարածաշրջաններում աշխատող 15 կին իրավապաշտպանների մասնակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի (ՄԻԿ) 54-րդ նստաշրջանին, որտեղ վերջիններս բարձրացրել են իրենց հուզող խնդիրներն ու մարտահրավերները։
ՄԻԿ նստաշրջանի ընթացքում Անահիտ Սիմոնյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Հատուկ հաձնակատարների և աշխատանքային խմբերի հետ՝ ներկայացնելով Արցախում ադրբեջանական ագրեսիայի, ինչպես նաև դրան նախորդող շրջափակման արդյունքում տեղի ունեցող մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները։
Սեպտեմբերի 22-ին Անահիտ Սիմոնյանը, ՄԻԿ նստաշրջանին զուհագեռ միջոցառման շրջանակներում, ելույթ է ունեցել Ադրբեջանի կողմից տարվող ցեղասպան քաղաքականության և Արցախում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ։ Միջոցառմանը մասնակցել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների տարբեր մարմինների, հավատարմագրված դիվանագիտական միսիաների և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ելույթի տեսաձայնագրությունը կարող եք գտնել հոդվածի վերջում, տեքստը՝ կից։
«Կենսական եմ համարում այս սրահում և դրանից դուրս գտնվող բոլորին զգուշացնել , որ իմ համայնքի` Արցախում, Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի գոյությունը ոչնչացվում է Ադրբեջանի ռասիստական բռնապետական ռեժիմի կողմից: Ոգեշնչված իր համախոհ բռնապետ Պուտինի՝ Ուկրաինայում իրականացվող այսպես կոչված «հատուկ օպերացիայից», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու օր առաջ մեկնարկեց այսպես կոչված «հակաահաբեկչական գործողությունը» Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ, որը հենց այս պահին ենթարկվում է ցեղասպանության և զանգվածային սպանությունների։
Այս ամենը հնարավոր է դարձել միջազգային հանրության հսկողության ներքո և Ադրբեջանի ղեկավարության բացարձակ անպատժելիության արդյունք է։
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, սկսած 2021 թվականից, Ադրբեջանին է ներկայացրել 5 «Կարմիր դրոշ» ցեղասպանության ահազանգ, իսկ 2022 և 2023 թվականներին հրապարակել է չորս հայտարարություն Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ։
2022 թվականի սեպտեմբերի 23-ին «Genocide Watch» կազմակերպությունը ցեղասպանության նախազգուշացում է տարածել՝ Հայաստանի և չճանաչված Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հարձակումների առթիվ։
Սեպտեմբերի 20-ին հրապարակված իրենց վերջին կոչում Լեմկինի ինստիտուտը, մեջբերում եմ, հայտարարել է․ «Հայտնում ենք համերաշխությունը Արցախի ժողովրդին, որի ինքնությունն ու կյանքը կարևոր են և պետք է պաշտպանված լինեն»։
Չեմ կարող էլ ավել ընդգծել, որ առանց միջազգային հանրության անմիջական, արդյունավետ և բովանդակալից ճնշման և միջամտության, Ադրբեջանը կշարունակի Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և բռնի անհետացման ցեղասպան քաղաքականությունը»:
ՄԻՀԿ-ն շնորհակալ է Կին իրավապաշտպանների միջազգային կոալիցիային հրավերի, համագործակցության և ադվոկացիոն շաբաթն առավել արդյունավետ կերպով կազմակերպելու համար։
Այնուհետ, ս․թ․ հոկտեմբերի 3-5-ը, Անահիտ Սիմոնյանը մասնակցել ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» դաշնագրով Հայաստանի պարտավորությունների դիտարկման 4-րդ շրջափուլին, որը կրկին կայացել է Ժնևում, ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 74-րդ նստաշրջանի շրջանակում։
Մասնավորապես, Անահիտ Սիմոնյանը մասնակցել է հոկտեմբերի 3-ին Կոմիտեի հետ կայացած բրիֆինգին, իսկ հոկտեմբերի 4-ին և 5-ին ներկա է գտնվել Կոմիտեի և Հայաստանի դելեգացիայի միջև կայացած կառուցողական երկխոսությանը։
Կոմիտեի դիտարկմանն ընդառաջ ՄԻՀԿ-ի կողմից ներկայացվել են 1 անհատական և 2 կոլեկտիվ Ալընտրանքային զեկույցներ, որոնք կարող եք գտնել այստեղ։ Կարող եք նաև ծանոթանալ նախորդիվ այս կապակցությամբ ՄԻՀԿ կայքում տեղադրված հոդվածի հետ։
ՄԻՀԿ-ի կողմից ՄԱԿ-ի մարմինների հետ ադվոկացիոն աշխատանքներն իրականացվում են Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։
Comments