top of page

Դեկտեմբերի 7. «Չիրացված բնակարանային իրավունքներ․ երկրաշարժից 35 տարի անց» քննարկում Գյումրիում



Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ «Չիրացված բնակարանային իրավունքներ․ երկրաշարժից 35 տարի անց» խորագրով բազմաշահառու քննարկումը, որը կազմակերպել էր Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ)՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ և Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ։ Միջոցառումն իրականացվեց Գյումրի քաղաքի «Երկխոսություն» մեդիա կենտրոնում։


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը շնորհակալ է «Երկխոսություն» մեդիա կենտրոնին համագործակցության և օրակարագային այս խնդրի քննարկման հարթակ տրամադրելու համար: Քննարկումը կարող եք դիտել այստեղ։


Քննարկման նպատակն էր ուշադրություն սևեռել երկրաշարժից տուժած անձանց բնակարանային իրավունքների լիարժեք իրացման հիմնահարցերին և դրանց հասցեագրման ուղիներին, որոնք ներկայացված են ՄԻՀԿ-ի պատրաստած «Հայաստանում 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած քաղաքացիների բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի վերաբերյալ» խորագրով նոր զեկույցում: Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։


Քննարկմանը մասնակցեցին ՄԻՀԿ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյան, իրավական փորձագետ Տաթևիկ Թոխյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Նոննա Մանուկյանը, Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարպետ Հենրիկ Գասպարյանը։

ՄԻՀԿ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանը իր բացման խոսքում նշեց, որ պետության կողմից աղետի գոտում բնակարանային հիմնահարցերի կարգավորումը, մասնավորապես, ժամանակավոր շինությունների (տնակների) ապամոնտաժումը, պետք է երաշխավորի գործընթացի համապատասխանելիությունը Հայաստանի ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին՝ ապահովելով երկու հիմնական երաշխիքների առկայությունը․ ապամոնտաժման արդյունքում անոթևանության աճի ռիսկի բացառումը և պետության կողմից տրամադրվող աջակցության համապատասխանելիությունը բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի չափանիշներին։


Տաթևիկ Թոխյանը, ով «Հայաստանում 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած քաղաքացիների բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի վերաբերյալ» զեկույցի համահեղինակն է, անդրադարձավ զեկույցի պատրաստմանը և ընտրված միջազային իրավական շրջանակին, շեշտելով, որ վերլուծությունն իրականացվել է ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների դաշնագրի 11.1 հոդվածի շրջանակներում և ներկայացվել է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին՝ ս․թ․ հոկտեմբերին տեղի ունեցած Հայաստանի դաշնագրային պարտավորությունների դիտարկման 4-րդ շրջափուլին ընդառաջ։


Տաթևիկ Թոխյանը այնուհետ ներկայացրեց 1988թ-ի երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած քաղաքացիների բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի լիարժեք իրացման համար անհրաժեշտ մեխանիզմները և լուծումները։ Նա նշեց, որ հետազոտությամբ վերհանված առանցքային խնդիրներից է Կառավարությանը 1601-Ն որոշմամբ սահմանված տնակների ապամոնտաժման արդյունքում անօթևանության ռիսկերի առկայությունը և պետության կողմից տրամադրվող աջակցության չափը և միջոցները։


Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը ներկայացրեց վիճակագրական պատկերը։

«Այս պահին մնացել են 2905 ոչ հիմնական շինություններ: 1342 ընտանիքներ համարվում են սոցիալական բնարակարնների շահառուներ, 237 ընտանիքների պետությունն աջակցություն կտա 60 հազար դրամ մեկ տարի վարձով բնակվելու համար»,-ասաց նա:

Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանն արձագանքեց, որ գումարի չափը որոշվել է մինչև բնակարանային վարձերի կտրուկ թանկացումը:


«ՀՀ Կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1601-Ն որոշման ընդունման պահին Գյումրիում տներն ավելի մատչելի էին, նախատեսված գումարը՝ շուրջ 60 հազար դրամ, որը միգուցե այս պահի դրությամբ չբավականացնի: Բայց սա չի նշանակում, որ հիմա պետք է վերանայել որոշումը: Երբ կհասնենք այս փուլին, կհասկանանք անհամաչափությունը, հետո կվերանայենք: Ինչպես նաև կան մարդիկ, որոնք ունեն բնակարանային պայմանների բարելավման խնդիր, բայց դա անօթևանության խնդիր չէ»,- ասաց Տանյա Արզումանյանը:



ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Նոննա Մանուկյանը նշեց, որ ՄԻՊ-ը ստացել է մի շարք դիմում-բողոքներ քաղաքացիների կողմից:


«Հիմնական խնդիրն այն է, որ անձինք, ովքեր ծանուցվել են վագոն-տնակների քանդման վերաբերյալ, մտահոգվում են, որ կդառնան անօթևան, քանի որ չեն կարող դիտարկվել որպես պետության կողմից տրամադրով աջակցության շահառու»,- շեշտեց Նոննա Մանուկյանը:

Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարպետ Հենրիկ Գասպարյանն անդրադարձավ նաև երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և մինչ այժմ վթարային շենքերում ապրող անձանց խնդրին։

«Մենք այժմ ունենք 94 վթարային շենքեր, որոնցից շենքեր կան, որ ընդհանրապես վերականգնման ենթակա չեն: Ես կարծում են, որ որոշման գործիքակազմը բարելավման կարիք ունի»,-նշեց նա:

Միջոցառման ավարտին Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյանը և իրավական փորձագետ Տաթևիկ Թոխյանը հույս հայտնեցին, որ քննարկումը կտանի դեպի առարկայական քայլերի, հատկապես, Կառավարության 1601-Ն որոշման վերանայմանը և համապատասխանեցմանը Հայաստանի միջազգային իրավական պարտավորություններին։ Շեշտվեց, որ այս կապակցությամբ մանրամասն առաջարկները արտացոլված են ՄԻՀԿ-ի զեկույցում և ՄԻՀԿ-ի թիմը բաց է լինելու դրանց շուրջ հաջորդիվ քննարկումների համար։


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը շարունակելու է իր հետևողական աշխատանքները հետազոտության շրջանակում վեր հանված հարցերի շուրջ և այս համատեքստում պետական պատկան մարմինների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությունը։

Մենք օրակարգային ենք համարում պետության կողմից երկրաշարժից տուժած անձանց բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի լիարժեք ապահովումը։ Տվյալ անձանց իրավունքները տասնամյակներ շարունակ ոտնահարվել են և պետության կողմից այժմ ձեռնարկվող բոլոր գործողությունները պետք է լինեն իրավունքահենք, համապատասխանեն Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական պարտավորություններին՝ ի ապահովում քաղաքացիների արժանապատիվ բնակարանային և սոցիալական պայմանների։


«Չիրացված բնակարանային իրավունքներ․ երկրաշարժից 35 տարի անց» խորագրով բազմաշահառու քննարկումը Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնն իրականացրել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։


ՄԻՀԿ-ն շնորհակալ է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամին (EED) զեկույցի պատրաստմանը և քննարկման իրականացմանը աջակցելու համար։


Քննարկմանը նկարները՝ ստորև։






92 views

Comments


bottom of page