top of page

Հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության օր


Հունիսի 1-ին ՄԻՀԿ-ն առավել կարևորում է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրների մասին բարձրաձայնումը և շահագրգիռ բոլոր կողմերի համատեղ ջանքերով դրանց լուծումների շուրջ քննարկումները։


1993թ․ Հայաստանը վավերացրեց ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան՝ ստանձնելով մի շարք պարտավորություններ.

  • Երեխային առնչվող բոլոր գործողություններում առաջնորդվել նրա լավագույն շահով:

  • Երեխայի իրավունքները պաշտպանել առանց որևէ խտրականության։

  • Երաշխավորել երեխայի կյանքի անօտարելի իրավունքը։

  • Հարգել երեխայի՝ իր ինքնությունը պահպանելու իրավունքը։

  • Ապահովել երեխայի առողջության, կրթության, հանգստի և ժամանցի, սոցիալական ապահովության, զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունքը։

  • Պաշտպանել երեխային ծնողների, օրինական խնամակալների կամ ցանկացած այլ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից, վիրավորումից կամ չարաշահումից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից, ներառյալ սեռական, տնտեսական չարաշահումները, առևանգումն ու վաճառքը։

Նույն կոնվենցիայի 18-րդ հոդվածում ասվում է, որ երեխայի դաստիարակության ու զարգացման համար հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ օրինական խնամակալները և երեխայի լավագույն շահերը նրանց հիմնական հոգածության առարկան են։ Կոնվենցիայում շարադրված իրավունքները երաշխավորելու և դրանց իրականացմանը նպաստելու համար մասնակից պետությունները պարտավոր են ծնողներին և օրինական խնամակալներին անհրաժեշտ օգնություն տրամադրել երեխայի դաստիարակության իրենց պարտականությունները կատարելու գործում և ապահովել երեխաների խնամքի հաստատությունների և ծառայությունների զարգացումը:


Միևնույն ժամանակ, երեխաները շարունակում են ամենաքիչը ընկալվել իբրև իրավունքներ ունեցող, կրող, ավելին՝ պահանջող անհատներ։


Հայաստանում առ այսօր առկա են երեխաների իրավունքների պաշտպանության առավել մտահոգիչ խնդիրներ։ Այս մասին են վկայում առկա հետազոտական տվյալները, Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներն ու ընթացիկ մշտադիտարկումները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ահազանգերը։

Այս կապակցությամբ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ բարձրաձայնել վերջերս Խնամքի հաստատությունների դիտորդական խմբի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում արձանագրած՝ երեխաների նկատմամբ հնարավոր բռնությունների, ինքնավնասումների և ինքնասպանության փորձերի, երեխաների իրավունքների խախտման մի շարք դրսևորումների մասին։

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը`

  • Հորդորում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առավել հետևողական, բաց և հաշվետու գործընթացների շրջանակներում շարունակաբար տեղեկացնել հանրությանը «Զատիկ» կենտրոնում Դիտորդական խմբի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված քայլերի վերաբերյալ։

  • Մեծապես մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ բարձրաձայնված հնարավոր չարաշահումների առնչությամբ ավելի քան երկու ամիս անց իրավական որևէ գործընթաց չի նախաձեռնվել։

  • Հորդորում է պատասխանատու գերատեսչություններին հետևողական լինել երեխաների իրավունքների հնարավոր ոտնահարումների համար պատասխանատու անձանց բացահայտման հարցում։

Կարևոր ենք համարում հիշեցնել, որ պետությունը կրում է ԲՈԼՈՐ երեխաների ԲՈԼՈՐ իրավունքների պաշտպանության պարտավորությունը, առավել ևս կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, խոցելի և իր հոգացության ներքո գտնվող երեխաների կյանքի, անվտանգության և բարեկեցության համար պատասխանատվությունը։

Հայաստանի Հանրապետությունը պետք է անխափան կատարի իր միջազգային պարտավորությունները հանուն երեխաների երջանիկ, ապահով և բարեկեցիկ մանկության։




9 views
bottom of page