top of page

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն ի պատասխան արագ նախաձեռնողական գործողությունների կոչ


լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյան, Hetq.am


2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքը՝ Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, փակվել է մի խումբ ադրբեջանցիների կողմից (պնդելով, թե նրանք «բնապահպան ակտիվիստներ» են)՝ փաստացի մեկուսացնելով Արցախի 120․000 բնակչությանը։ Շրջափակմանը նաև հաջորդել է դեկտեմբերի 13-15-ը Ադրբեջանի կողմից Արցախի ողջ տարածքում բնական գազի մատակարարման դադարեցումը։


Լաչինի միջանցքը (Միջանցք) սննդամթերքի և բժշկական պարագաների հոսքի կարևոր ճանապարհ է: Միջանցքը փակ է արդեն 12 ամիս՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամի անմիջական վտանգ Արցախում։ Շրջափակումն արդեն հանգեցրել է հետևյալ տագնապալի մարդասիրական հետևանքների.

  • Երևան չեն կարող տեղափոխվել մարդիկ, ովքեր կարիք ունեն բժշկական միջամտությունների, որոնք կարող են իրականացվել միայն Հայաստանում։ Այս պատճառով արդեն մահացել է 1 մարդ, իսկ վերակենդանացման բաժանմունքներում գտնվող մեծահասակներն ու դեռահասները Հայաստան տեղափոխման անհապաղ կարիք ունեն։

  • Առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ բժշկական պարագաներ, չեն կարող ներկրվել Արցախ։ Աճում է պարենամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը, առանց որի Արցախի բնակչությունը երկար չի կարող գոյատևել։

  • Հազարավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, բաժանվել են ընտանիքներ։ Մասնավորապես, 1100 մարդ մնացել է ճանապարհին, այդ թվում՝ 270 երեխա բաժանված են ծնողներից։

Շրջափակման շարունակականությունը կհանգեցնի հումանիտար սուր հետևանքների։ Այն պետք է որակվի որպես էթնիկ զտում։
Միջանցքի արգելափակումը ենթադրում է Արցախի բնակչության բազմաթիվ իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումներ, այդ թվում՝ կյանքի իրավունքի, ազատ տեղաշարժի իրավունքի, խոշտանգումներից զերծ մնալու և ֆիզիկական ու հոգեկան վատ վերաբերմունքի։ Այն նաև խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան Երկրորդ պատերազմից հետո ստորագրված զինադադարի համաձայնագրի պահանջները։

Միջանցքի փակումից ի վեր հայտարարություններ և գործողությունների կոչեր են հնչել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից (տե՛ս Քրիստինե Գրիգորյան. Կոչ միջազգային դերակատարներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Լաչինի միջանցքի վերաբացման համար) և Արցախի ՄԻՊ-ի կողմից (տե՛ս Գեղամ Ստեփանյան. Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները): Կոչեր են արել նաև տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ և մասնագիտական կազմակերպություններ, միջազգային քաղաքական մարմիններ։



Դեկտեմբերի 15-ին Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ նշանակելու և Ադրբեջանին պարտավորեցնելու վերացնել Լաչինի միջանցքով ճանապարհի փակման հետևանքով քաղաքացիական անձանց իրավունքների խախտումները։


Դեկտեմբերի 21-ին դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը»:


ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Հայաստանի պահանջով դեկտեմբերի 21-ին քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակումը։ Մի շարք երկրներ ուղղակիորեն անընդունելի են համարել Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը ՝ պահանջելով դրա անհապաղ վերաբացումը։


Սակայն, քանի դեռ շրջափակումը շարունակվում է, Ադրբեջանի բռնապետական ղեկավարությունը ակնհայտորեն չի հետևում ո՛չ հրադադարի պայմաններին, ո՛չ միջազգային մարդասիրական իրավունքների և մարդասիրական իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոհիշյալ որոշմանը։

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը Լաչինի միջանցքի բացումը դիտարկում է որպես բոլոր լիազորված շահագրգիռ կողմերի, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի առաջնային մտահոգության խնդիր։


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը կոչ է անում միջազգային քաղաքական մարմիններին և ինստիտուտներին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և խմբերին ձեռնարկել արագ, ակտիվ գործողություններ (ներառյալ քաղաքական և տնտեսական պատժամիջոցների կիրառումը) և պարտավորեցնել Լաչինի միջանցքը վերահսկողներին, մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանություններին և Ռուսաստանի խաղաղապահ ուժերին, վերականգնել և առանց որևէ նախապայմանի ապահովել Լաչինի միջանցքի երկու ուղղություններով ազատ և անվտանգ տեղաշարժը։

40 views
bottom of page