top of page

Վերանայել սոցիալական իրավունքների պաշտպանության սահամանադրական երաշխիքները

Հասարակական կազմակերպությունների հայտարարություն



29.09.2020 թ․

Սույն հայտարարությունում տեղ գտած պահանջներն ու առաջարկները հասցեագրված են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, ՀՀ Արդարադատության նախարարությանը, ՀՀ Վարչապետին։

Հայտարարությունը նախաձեռնվել է 18.09.2020թ․-ին տեղի ունեցած՝ սոցիալ-տնտեսական իրավունքների սահմանադրական ամրագրման խնդիրների շուրջ հանրային քննարկման մասնակից կազմակերպությունների և անհատ փորձագետների կողմից։


Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին առաջարկում են Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում ներառել սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքների ամրապնդման հրամայականից բխող մի շարք առաջարկներ, այդ թվում՝


1. ՀՀ Սահմանադրության 82-85-րդ հոդվածներում ամրագրված օրենսդրական երաշխիքները (Գլուխ 3) վերաձևակերպել իբրև սուբյեկտիվ իրավունքներ և ամրագրել Սահմանադրության 2-րդ գլխում։

2. Սահմանադրորեն ամրագրել ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բոլոր սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների վերաբերյալ ընդունված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության վիճարկման իրավունքը/հնարավորությունը:

3. Ամրագրել բավարար կենսամակարդակի՝ ներառյալ բավարար բնակարանային պայմանների իրավունքի պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքները։

4. Իբրև կրթության իրավունքի իրացման երաշխիք (ի թիվս այլ երաշխիքների) ամրագրել հիմնական կրթության պարտադիր լինելու երաշխիքը:

5. Սահմանադրաիրավական ամրագրում տալ աշխատանքի իրավունքին։

6.Իբրև սոցիալական ապահովության իրավունքից օգտվելու լրացուցիչ սահմանադրաիրավական հիմք ամրագրել անձի՝ առողջապահական համակարգից օգտվելու հնարավորության բացակայությունը։

7.Սահմանադրաիարավական ամրագրում տալ պետության կողմից առողջ, ապահով շրջակա միջավայրի պաշտպանության պարտավորությանը և որպես անմիջականորեն գործող իրավունք ամրագրել յուրաքանչյուրի՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը։

2015 թ․-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ քաղաքացին զրկվեց սոցիալական-տնտեսական և մշակութային իր իրավունքների սահմանադրական ճանաչումից։

Փոփոխությունների արդյունքում սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների մի մասը (սոցիալական ապահովության, առողջության պահպանման, աշխատանքի բավարար պայմանների և այլն) ամրագրում չստացան Սահմանադրության 2-րդ գլխում, դադարեցին համարվել հիմնական իրավունքներ և ամրագրվեցին Սահմանադրության 3-րդ գլխում, որպես տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքներ և պետության քաղաքականության հիմնական նպատակներ: Տարանջատման արդյունքում սոցիալական, տնտեսական և մշակութային մի շարք իրավունքների նկատմամբ տարածում չստացան անմիջական գործողության, իրավական որոշակիության, համաչափության ու 2-րդ գլխի նկատմամբ կիրառելի այլ սկզբունքները։ Ինչ առավել կարևոր է, սահմանափակվեց այդ իրավունքները կարգավորող իրավանորմերի սահմանադրականության վիճարկման ինստիտուտը։ Արդյունքում, ինչպես ՄԻՊ-ը, այնպես էլ քաղաքացին սահմանադրական վերահսկողության շրջանակներում զրկվեցին հնարավորությունից վիճարկել այն իրավական ակտերի սահմանադրականությունը, որոնք խախտում են գործող սահմանադրության 3-րդ գլխով ամրագրված սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքները: Վերջապես, 2015 թ․-ի խմբագրությամբ Սահմանադրության տեքստից բացառվեցին այնպիսի կարևորագույն իրավունքներ, ինչպիսիք են բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ նաև բնակարանի կամ կենսապայմանների բարելավման իրավունքը, իսկ կրթության իրավունքի ձևակերպումից դուրս բերվեց հիմնական կրթության պարտադիր լինելու երաշխիքը։

Միևնույն ժամանակ թե՛ 2005 թ․-ի և թե՛ 2015 թ․-ի խմբագրությամբ սահմանադրություններում սոցիալական մի շարք իրավունքների՝ աշխատանքի ազատ ընտրության իրավունքի, աշխատանքային պայմանների իրավունքի, առողջության պահպանման իրավունքի, սոցիալական ապահովության իրավունի ձևակերպումները ամբողջ ծավալով չեն արտացոլել ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները (Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջները) և միջազգային մարդու իրավունքների մարմինների պրակտիկայի զարգացումը, ուստի առկա է նաև դրանց բովանդակային վերանայման անհրաժեշտություն։


Հաշվի առնելով ՀՀ վարչապետի N 181-Ա որոշմամբ ամրագրված՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության թափանցիկության, հրապարակայնության ինչպես նաև հայեցակարգի պատրաստման գործընթացում հանրության մասնակցության ապահովման պահանջները, ներքոստորագրյալ կազմակերպություններն ակնկալում են Հանձնաժողովի արձագանքը հայտարարության վերաբերյալ, բաց են ներկայացված առաջարկությունների շուրջ բովանդակային մասնագիտական քննարկումների համար։


Հայտարարությամբ ներկայացվող բոլոր փաստարկների և առաջարկությունների հիմնավորումները մանրամասն ներկայացված են Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի կողմից պատրաստված «Սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքները կարգավորող նորմերի սահմանադրականության վիճարկելիության վերականգման, պաշտպանության ռեժիմի բարձրացման և սահմանադրաիրավական երաշխիքների ուժեղացման անհրաժեշտությունը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգում» հետազոտական փաթեթի շրջանակներում։

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

« Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

« ԷկոԼուր» ՀԿ



27 views
bottom of page