top of page

Ինչի՞ն է նպաստում նպաստը




Nihil de nobis, sine nobis

(«Ոչինչ մեր մասին՝ առանց մեզ»)


Աղքատությունը Հայաստանի Հանրապետության գոյության 30 տարվա ուղեկիցն է, և այդ խնդրի լուծումը Հայաստանի կառավարությունը առ այսօր ձախողել է։ 2018թ․ դրությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից արձանագրված՝ աղքատության մակարդակը կազմում է 23,5%։ Այսինք, աղքատ է 700,000 քաղաքացի։ Աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 1.0 %-ը՝ ծայրահեղ աղքատ է: Խոսքը գնում է 30,000 քաղաքացիների մասին։ Միևնույն ժամանակ, մանկական աղքատության ցուցանիշը, ըստ ՎԿ-ի, կազմում է 29,2%, իսկ ծայրահեղ աղքատության մեջ ապրում են երեխաների 1,5% (տե՛ս, «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2019», ՀՀ ՊՎԿ, 2019թ․):



1994 թ․-ից ներդրված «Փարոս» համակարգից մինչև 2000-ականների աղքատության հաղթահարման ռազմավարությունները, պետական նպաստների հատկացումից մինչև կառավարության ծրագրերում մշտապես տեղ գտնող՝ աղքատությունը հաղթահարելու վերաբերյալ պնդումներն ու ցուցանիշները ամփոփում են աղքատության արձագանքմանն ուղղված պետական քաղաքականությունը, որը դեռևս չի հաջողել ստեղծել արժանապատիվ կեսնապայմաններում և պաշտպանված միջավայրում ապրելու հնարավորություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։


Դժվար չէ կռահելը, որ աղքատությունը անձին դնում է անհավասարության և սահմանափակումների շրջանակի մեջ։ Աղքատությունը իր ազդեցությունը թողում մինչև անձի ծնունդը և ազդում է ամբողջ հետագա կյանքի վրա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ անապահավությունն և ծառայությունների անհավասար հասանելիությունը աշխարհում մանկամահացությանը ու մայրամահացությանը մեծապես նպաստող պատճառներից են, իսկ աղքատության բացասական ազդեցությունները հղիության վրա՝ բազմապիսի ես: Վաղ մանկական աղքատությունը բացասաբար է ազդում նաև երեխայի առողջության և սոցիալ-հոգեբանական զարգացման վրա, սահմանափակում նրա հանգստի և ժամանցի հնարավորությունները, խոչընդոտում հասակակիցների հետ փոխհարաբերությունների ձևավորմանը (տե՛ս, “Countdown to 2015. Taking stock of maternal, newborn and child survival. Decade Report (2000-2010)”, WHO, 2015)։ 2016թ․ Յունիսեֆի կողմից իրականացված հետազոտության տվյալներով, Հայաստանում 0-5 տարեկան ամեն երրորդ երեխան զուրկ է բնակարանային բավարար պայմաններում ապրելու հնարավորությունից (քանդված պատուհաններ, տարածքի սակավություն և այլն)։ 3-5 տարեկանների շրջանում, 53% տոկոսը չեն ստանում նախադպրոցական կրթություն (տե՛ս, «Child poverty in Armenia: National Multiple Overlapping Deprivation Analysis», UNICEF, 2016)։ Աղքատույթյունը պատճառ է երեխայի աշխատանքի և աշխատանքային շահագործման, իսկ վերջինս անդառնալի վնաս է հասցնում երեխայի կրթությանը, զարգացմանն ու առողջությանը և զրկում հետագայում աղքատությունը հաղթահարելու ամենաառաջնային ռեսուրսներից։ ՎԿ-ի կողմից 2015թ.-ին իրականացված ուսումնասիրության տվյալներով, Հայաստանում աշխատող երեխաների թիվը հասնում է 52, 000-ի, իսկ նրանցից 39,300-ը կատարում է արգելված աշխատանք (տե՛ս, «Հայաստան․ երեխայի աշխատանքի ազգային հետազոտություն»): Աղքատությունը, լինելով սոցիալական անարդարության և անհավասարության դսևորում, ենթադրում է նաև ներխմբային անհավասարություն և խոցելիությունների սրության «հեիրարխիկ» կառուցվածք։ Աղքատության հանդեպ շատ խոցելի են տարեցները։ Ըստ տարիքային խմբի ցուցանիշների, Հայաստանում աղքատ բնակչության մեջ տարեց՝ 65 տարեկանից բարձր մարդիկ կազմում են բնակչության 13,9%-ը։ Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է տարիքային մյուս բոլոր խմբերում աղքատության տարածվածության ցուցանիշներին: Ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես, կանայք ավելի աղքատ են, քան տղամարդիկ։ Ըստ սեռային բաշխվածության ցուցանիշի, կանայք կազմում են Հայաստանի աղքատ բնակչության 55,2%-ը (տե՛ս, «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2019», ՀՀ ՊՎԿ, 2019թ․): Աղքատությունն ինքնին գենդերայնացված ֆենոմեն է, և յուրաքանչյուր երկրում աղքատության պատկերի վերլուծությունը չի կարող իրականացվել առանց խնդրի գենդերային վերլուծության՝ հասարակությունում առկա նորմերի և սպասելիքների, գենդերային դերերի, ռեսուրսների բաշխման մոդելների և կանանց և տղամարդկանց միջև իշխանական և վերահսկողական դինամինակիների դիտարկման (տե՛ս, “Global Women's Issues: Women in the World Today, extended version”,Bureau of International Information Programs, United States Department of State, 2012 )։ Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ այն ընտանիքները, որտեղ կան հաշմանդամություն ունեցող երեխաներ կամ չափահաս անձինք, աղքատության մեջ հայտնվելու առավել ռիսկային գոտում են, բախվում են կայուն զբաղվածություն ունենալու մեծ խոչոնդոտների և հիմնականում ներգրավվում են ճկուն ժամանային գրաֆիկով, բայց ցածր վարձատրվող աշխատանքներում կամ առհասարակ դուրս են մնում աշխատաշուկայից (տե՛ս, “Living with poverty: A review of the literature on children’s and families’ experiences of poverty”, Tess Ridge, 2009)։ Աղքատության շուրջ ձևավորված հասարարական և պաշտոնական հռետորաբանություններում մեծ տեղ է զբաղեցնում ամոթն ու խարանը, որը հաճախ օգտագործվում է իբրև քաղաքականության գործիք՝ աղքատներին, իբրև խումբ, աղքատության մեջ «մեղադրանքի» վերագրման միջոցով (տե՛ս «Shame, stigma and policy effectiveness», R. Walker and E. Chase, Oxford Institute for Social Policy, 2015)։ Աղքատ համայնքները հաճախ բնակվում են էկոլոգիապես ամենաաղտոտված և ենթակառուցվածների առկայության տեսանկյունից ամենաանբարվոք տարածքներում։ Աղքատ անձինք կրում են հասանելիության մշտական սահմանափակումներ․ հասանելիություն առ առողջապահություն, բարձագույն կրթություն, ստեղծագործ և արժանապատիվ աշխատանք, մշակութային ու քաղաքական կյանք։ Աղքատությունը հիմք է ստեղծում կարծրատիպերի, ծաղրի, խտրականության, բռնության՝ հանգեցնելով անձի մեկուսացմանը, զրկելով նրան որոշումներ կայացնելու, սեփական համայնքի, երկրի կյանքում մասնակցություն ունենալու հնարավորություններից։


Աղքատությամբ պայմանավորված՝ վերոնշյալ բոլոր անհավասարություններն ու սահմանափակումները թարգմանելի են իրավունքի լեզու և հանգեցնում են մեկ միասնական վերջնարդյունքի՝ զրկում են անհատին իր իրավունքների իրացման հնարավորություններից։ Աղքատությունը հանդիսանում է մարդու իրավունքների ոտնահարման պատճառ և հետևանք: Աղքատության հաղթահարմանն ուղղված ջանքերը պետք է արձագանքեն պատճառահետևանքային այս կապին և, քանի դեռ աղքատության հաղթահարման պետական քաղաքականությունները չի հանդիսանում մարդակենրոն և իրավունքահենք, խնդրի համակարգային լուծման մասին խոսելն ավելորդ է։ Սրանում է կայանում աղքատության հաղթահարման իրավունքահենք մոտեցման էությունը և այս մոտեցման առաջխաղացումն ու կայացումն ենք համարում անհրաժեշտ՝ Հայաստանում աղքատության կայուն և արդյունավետ հաղթահարման ճանապարհին։


Հայաստանում աղքատության խնդրի լուծման հիմնական գործիք է առ այսօր հանդիսացել նպաստային համակարգը։ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով նպաստների հատկացման նպատակ է հռչակված «անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելը կամ դրա վատթարացումը կանխելը» և անձի «սոցիալական ապահովության իրավունքի իրականացումը»։


Որո՞նք են խնդիրները տվյալ համակարգի հետ։ Արդյո՞ք նպաստային համակարգը, այն տեսքով, ինչպես ձևավորվել և գործել է մինչ այժմ, կարող էր դիտարկվել իբրև աղքատության հաղթահարման համար բավարար և համաչափ գործիք։ Տվյալ հարցերի շուրջ խոսակցությունը մեկ անգամ չէ, որ ծավալվել է և շարունակում է ծավալվել փորձագիական շրջանակներում, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև կայացող քննարկումներում և հարթակներում։ Այս խոսակցությունը, սակայն, առ այսօր մշտապես շրջանցել է բուն համակարգում ընդգրկված, խնդիրը կրող անձանց։ Եվ սրանում է կայանում աղքատության խնդրի շուրջ առկա դիսկուրսի ամենամեծ բացը։


2018թ․ «Թավշյա» հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարությունը՝ Կառավարության 2019թ․-ի ծրագրով իբրև պետական քաղաքականության առանցքային գործառույթ է դիտարկում մարդու իրավունքների պաշտպանվածությունը, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը։ Միևնույն ժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջդրված՝ «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարության» նախագիծը, ոլորտի ռազմավարական հիմնական սկզբունք է հռչակում տվյալ ոլորտի իրավունքահենք լինելը։ Ռազմավարությամբ նաև ճանաչվում է կապը մարդու իրավունքների պաշտպանության և աղքատության հաղթահարման միջև։ Սրանք այն կարևոր ելակետերն են, որոնցից պետք է բխի Հայաստանում՝ իրավունքահենք մոտեցմամբ աղքատության հաղթահարման քաղաքականության կայացումը։


Մինչ այժմ, որոշում կայացնողներն առաջնորդվել են այն ենթադրությամբ, որ մինիմալ ֆինանսական հատկացումների միջոցով հնարավոր է մեղմել անձի կյանքի և կենսագործունեության վրա աղքատության ազդեցության ամբողջ բեռը և «կանխել կենսամակարդակի վատթացարումը»։ Քաղաքականության մշակողները նաև չեն անդրադարձել խնդրի համակարգային էությանը․ երկրում, որտեղ մշտապես առկա են եղել կրթության և առողջապահության որակի, հասանելիության և մատչելիության լրջագույն խնդիրներ, կոռուպցիա և արդարադատության անմատչելիություն, աղքատ անձանց հանդեպ թե՛ հանրային և թե՛ մասնավոր ոլորտի ծառայություն մատուցողների կողմից դրսևորվող բացասական և խտրական վերաբերմունք, նպաստառու անձը զրկված է մնացել իր կյանքի որակը բարելավելու, իրավունքները պաշտպանելու և լսելի լինելու հնարավորություններից։ Աղքատության մեջ ապրող անձինք մշտապես դիտարկվել են «օգնություն ստացողի» դերում, և դրանով է սահմանափակել տվյալ անձանց հանդեպ պետության պարտավորությունների շրջանակը։ Պաշտոնական հռետորաբանությունը աղքատության և դրա հաղթահարման վերաբերյալ ի սկզբանե կառուցվել է «գթասրտության» և «աջակցության» կոնցեպտների շուրջ՝ ստվերելով և դուրս մղելով քաղաքացու պահանջատիրության, վերջինիս իրավունքների և արժանապատվության պաշտպանության օրակարգը։


Աղքատության խնդիրը պետք է նորովի ընկալվի և այդ ընկալման հիմքում պետք է լինի անձի իրավունքի և արժապատվության պաշտպանությունը։ Նպաստ համակարգն այն տեսքով, որով կա հիմա, պետք է լիովին վերափոխվի, և այդ համակարգի ձախողման մասին են վկայում մեր նախագծի շրջանակներում իրականացված փորձնական դաշտային աշխատանքների արդյունքները։ «Ինչի՞ն է նպաստում նպաստը» պատմությունների շարքը իր մեջ ամփոփոփում է տվյալների հավաքագրման փորձնական փուլից ընտրված 19 պատմություն։ Պատմությունների հերոսների մեծ մասը նպաստային համակարգի շահառուներ են, իսկ մյուս մասն էլ նախկինում եղել և տարբեր պատճառներով զրկվել են օգնության հնարավորությունից, ինչը, սակայն, չի ենթադրում, որ անձը/տնային տնտեսությունը հաղթահարել է աղքատությունը։


Պատմությունների այս շարքը միտված է աղքատության իրավունքահենք ընկալման շուրջ հանրային խոսակցությունը բացելուն, աղքատ անձին ավելի լսելի դարձնելուն՝ իր խնդիրներով, տեսակետներով և պահանջներով։

Պատմությունները ցույց են տալիս աղքատության հաղթահարման անհնարինությունը առանց անձի խնդրիների համալիր դիտարկման՝ նրա զրկանքների, խոցելիությունների, իրավունքի իրացման հետ կապված մարտահրավերների հասցեագրաման։


Աղքատության յուրաքանչյուր պատմություն իրավունքի խախտման պատմություն է։

Կարդացեք պատմությունների շարքն այստեղ։

86 views

Comments


bottom of page