• Human Rights Research Center

Սոցիալական և շրջակա միջավայրի իրավունքները՝ ՄԻՀԿ-ի ուշադրության առանցքում





Վերջին ամիսների ընթացքում Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) պարբերական դիտարկումներ և առաջարկներ է ներկայացրել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծերում փոփոխություններ իրականացնելու կապակցությամբ, մասնակցել է Ռազմավարության վերաբերյալ հանրային և ոլորտային քննարկումներին, ինչպես նաև մասնակցել է բնապահպանական իրավունքների վերաբերյալ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկմանը։ Առաջիկայում կազմակերպության կողմից կնախաձեռնվի հանրային քննարկում՝ սոցիալական իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների վերանայման անհրաժեշտության առնչությամբ։

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակումը նախաձեռնվել է ՀՀ կառավարության կողմից։


Ռազմավարական փաստաթուղթը միտված է, ի թիվս այլնի, <<հանքավայրերում աշխատողների և ազդակիր համայնքերի նկատմամբ հանքարդյունաբերական գործունեության բնապահպանական և առողջապահական բացասական ազդեցությունների կանխարգելմանն ու այդ ազդեցությունների ռիսկերի կառավարման մեխանիզմների բարելավմանը>> (Ռազմավարության երրորդ նախագծային տարբերակ, Նախաբան, Ռազմավարական փաստաթղթի նպատակը):


Հռչակված նպատակի շրջանակներում ՄԻՀԿ կողմից մինչ այժմ ներկայացված առանցքային առաջարկները վերաբերում են հանքավայրերում աշխատողների՝ անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրի իրավունքի իրացման երաշխիքների տրամադրմանը, այդ թվում՝

  • հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքի վտանգների ռիսկերի գնահատման, նվազեցման և վնասակարության կանխարգելման գործիքակազմերի ներդրում,

  • հանքարդյունահանող ընկերությունների կողմից աշխատակիցների, ինչպես նաև աշխատանքների հետ անմիջականորեն չկապված, սակայն հանքարդյունաբերական աշխատանքների արդյունքում քաղաքացիների կյանքին, առողջությանը և գույքին պատճառված վնասներից պարտադիր ապահովագրության համակարգի գործարկում,

  • ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքի անվտանգության և առողջության պահպանության առնչվող օրենսդրության համապատասխանեցում Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) կողմից ներկայացված հանքարդյունաբերության ոլորտում աշխատուժի և աշխատանքային պայմանների ստանդարտներին, այդ թվում ԱՄԿ առանցքային՝ 155-իդ կոնվենցիային (Աշխատանքի անվտանգության և առողջության մասին)։


ՄԻՀԿ-ը՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, շարունակելու է հետամուտ լինել հանքավայրերում աշխատողների և ազդակիր համայքների բնակիչների իրավունքների պաշտպանության առավել ամուր երաշխիքների ամրագրմանը մշակվող ռազմավարական փաստաթղթում։

Ինչ վերաբերում է սոցիալական և բնապահպանական իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների վերանայման օրակարգին՝ ՀՀ կառավարության կողմից Սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերսկսման ներկայիս փուլում ՄԻՀԿ-ը շարունակում է ակտիվ աշխատանքների իրականացումը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և ոլորտային շահագրգիռ կազմակերպությունների հետ։


Մասնավորապես, ս․թ․ հունիսի 9-ին ՄԻՀԿ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանը լորտային կազմակերպությունների և փորձագետների հետ մասնակցել է

բնապահպանական իրավունքների վերաբերյալ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկմանը։


Քննարկման շրջանակներում ներկայացվել են նաև ՄԻՀԿ-ի իրականացրած հետազոտության արդյունքները և առաջարկները։



Նշենք նաև, որ առաջիկայում ՄԻՀԿ-ի կողմից կնախաձեռնվի հանրային քննարկում՝ սոցիալական իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների վերանայման անհրաժեշտության առնչությամբ։

Մանրամասների վերաբերյալ՝ շուտով։

0 views0 comments