15.11.2021
Նկարը՝ Aravot.am-ի
Մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ Ֆիզիկայի գիտավանի բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացում ենք ստորև․
«Մենք՝ ներքստորագրյալ կազմակերպություններս, խստիվ դատապարտում ենք վերջին շրջանում Երևանի Ֆիզիկայի գիտավանում ապօրինի շինարարության շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված պետական մարմինների ապօրինի գործողությունները կամ անգործությունը, որոնք իրավախախտումների կանխման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրենց պարտականության կատարման փոխարեն զբաղված են ապօրինությունների դեմ բարձրաձայնող բնակիչներին ահաբեկելով կամ դրա վրա աչք փակելով՝ փաստացի ստանձնելով իրավախախտողների պաշտպանի դերը: Վերոնշյալի դրսևորումն են նշված թաղամասի բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները և, մասնավորապես, նրա բնակարանի չհիմնավորված խուզարկության փաստը, որն ակնհայտ նպատակ է հետապնդում լռեցնել ապօրինության դեմ պայքարող քաղաքացիների ձայները:
Ֆիզիկայի գիտավանում ակտիվորեն ընթանում են «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի նախաձեռնած խնդրահարույց կառուցապատման գործընթացները, որի վերաբերյալ տարածքի բնակիչները պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմի առկայության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել իրավապահ մարմիններին:
Համաձայն կառուցապատողի մոտ առկա փաստաթղթերի՝ տեղանքում իբր եղել է նկուղ, որի հիման վրա մասնավորեցվել է նախկինում հանրային և կանաչ տարածքը: Իրականում՝ նկուղի վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ։ Բնակիչներն ամիսներ շարունակ բազմակողմանի փորձաքննություն են ակնկալում քննչական մարմնից, պահանջելով տարածքի հողային շերտը ճանաչել որպես իրեղեն ապացույց, սակայն այս գործողությունները չեն իրականացվում։ Զուգահեռաբար՝ «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ն ակտիվորեն շարունակում է փորման աշխատանքներն ու տարածքից հեռացնում հողային շերտը:
Ապօրինության վերաբերյալ փաստարկները հիմնավորվում են նաև այն հանգամանքով, որ բնակիչների բազմաթիվ հարցումները՝ կառուցապատվող տարածքի իրավական կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, այդ թվում՝ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով հողերի փոխանցման սահմանափակումների մասով, հետևողաբար մերժվում են Երևանի քաղաքապետարանի կողմից: Ընդ որում, քննվող քրեական գործի շրջանակներում դրանց առգրավման վերաբերյալ տեղեկատվությունը ևս բացակայում է:
Կառուցապատվող տարածքում հողամասի փորման աշխատանքները ցույց տվեցին, որ տեղում որևէ նկուղ կամ նույնիսկ պատ գոյություն չուներ: Փոխարենը բացահայտվեց, որ «ՌԱՏԿՈ»-ի հողահեռացման աշխատանքների արդյունքում վնասվել էին կոմունիկացիաներ՝ ջրային խողովակներ և էլեկտրականության մալուխներ։ Առկա է հողամասի փորման ողջ գործընթացի տեսագրությունը, ինչը բավարար հիմք պետք է հանդիսանար քրեական գործով ուսումնասիրվող հանգամանքները պարզելու համար, սակայն այս ապացույցի առկայությունն անտեսվել է: Փոխարենը՝ քննչական մարմիններն ու ոստիկանությունն ակտիվորեն ընթացք են տվել «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի հաղորդման հիման վրա բնակիչների դեմ հարուցած գործերի քննությանը, մասնավորապես` ժամանակավոր մետաղյա ցանկապատի վրա կատարված գրությունների առնչությամբ, որն ուղեկցվել է այնպիսի գործողություններով, ինչպիսին է ապօրինի կառուցապատման դեմ պայքարող ակտիվ քաղաքացիներից մեկի բնակարանի խուզարկությունը:
Ակներև է, որ իրավապահ մարմինները դիտավորյալ են ձգձգում բնակիչների կողմից բարձրացված փաստերով քննությունը, միևնույն ժամանակ` ակտիվորեն ընթացք տալով նրանց դեմ վարվող գործերին, ընդ որում՝ գործարկելով այնպիսի միջոցներ, որոնք կարող են ահաբեկել քաղաքացիներին և ստիպել ետ կանգնել իրենց իրավունքների համար մղվող պայքարից: Թաղամասում վերջին ամիսներին պարբերաբար բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և բնակիչների միջև` ուժի անհամաչափ կիրառմամբ, բռնության գործադրմամբ, անհիմն բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերով:
Հարկ է նշել, որ կառուցապատողի կողմից բազմիցս տարբեր առիթներով իրականացվել է առանձին բնակիչների թիրախավորում։ Մասնավորապես` Հանրային Հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ժամանակ «ՌԱՏԿՈ» ՍՊԸ տնօրեն Արթուր Մնացականյանը անվանական կերպով մատնանշել է ապօրինի կառուցապատման գործընթացները վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանին և իրավաբան Հայկ Հարությունյանին: Մեկ այլ դեպքում` Ազգային Ժողովում պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրավիրած հանդիպման ժամանակ, որին ներկա էին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, գիտավանի բնակիչներ, Ա․Մնացականյանը դիմել է Ս․Գրիգորյանին` ասելով, որ անձամբ իրեն երբեք թույլ չի տա մուտք գործել շինհրապարակ, և հարցին, թե ինչու` նա ցույց է տվել նախապես տպած և իր հետ բերած լուսանկար, որտեղ պատկերված էր Ս․Գրիգորյանը` շինաշխատանքներ իրականացնող բեռնատարներից մեկի առջևում կանգնած: Նման արարքները հստակ խոսում են Ա․Մնացականյանի կողմից առանձին բնակիչների հետապնդման ու թիրախավորման մասին։ Ակնհայտ է, որ անհիմն քրեական հետապնդումն ու խուզարկության հանգամանքը ևս տեղավորվում են ահաբեկման տրամաբանության մեջ` նպատակ ունենալով խոցելի դարձնել Սեդա Գրիգորյանին, միաժամանակ՝ նաև նախազգուշական ազդակ հղելով մյուս բնակիչներին՝ այդպիսով կանխարգելելու նրանց սահմանադրական իրավունքների պաշտպանությանը միտված պայքարը։
Ս․թ․ նոյեմբերի յոթին ժամը 14:00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երկու ոստիկան ժամանել են Սեդա Գրիգորյանի բնակարան` խուզարկություն իրականացնելու վերաբերյալ դատավորի որոշումով:
Համաձայն որոշման, խուզարկությունն իրականացվում էր Ալիխանյան 6/1 հասցեում վիճելի կառուցապատումն իրականացնող «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի շինհրապարակի ժամանակավոր մետաղյա թիթեղների վրա սեպտեմբերի 1-ին արված գրաֆիտի գրությունների («Հանրային տարածք», «Ազատ ծառեր», «Ազատագրենք Գորոդոկը») հետևանքով պատճառված գույքային վնասի շուրջ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ գրաֆիտային ներկանյութի տարան հայտնաբերելու նպատակով: Հարկ է արձանագրել, որ բնակարանի խուզարկության թույլտվություններ տրամադրող դատարանի նման որոշումները մեղմ ասած հիմնավորված չեն՝ հաշվի առնելով ներկանյութով ՌԱՏԿՈ ՍՊԸ-ին պատճառված վնասի հորինված լինելու հանգամանքը: Բնակարանի անձեռնմխելիության սահմանափակումը ենթադրում է դրա արդյունքում հայտնաբերման ենթակա առարկաների՝ գործով բացահայտվող հանգամանքների վերաբերելիության և իրականացվող դատավարական գործողության համարժեքության ապահովման պարտադիր պայման, ինչը քննարկվող իրավիճակում ակնհայտորեն բացակայում է: Բացի այդ, դատարանի որոշման մեջ նշված չի եղել, թե ինչ կարգավիճակով է գործում ներգրավված Ս․Գրիգորյանը, ինչի պատճառով նա հրաժարվել է ստորագրել խուզարկության արձանագրությունը: Ոստիկաններն ասել են, որ ակնկալում են խուզարկության արդյունքում բնակարանում հայտնաբերել կարմիր ներկի այն տարան, որով իրականացվել են գրությունները: Ս․Գրիգորյանն ասել է, որ բնակարանում նման ներկի տարա առկա չէ, ինչից հետո ոստիկանները խուզարկել են ողջ բնակարանը, ինչի արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել և չեն առգրավել:
Մենք՝ ներքոստորոգրյալներս, Ֆիզիկայի գիտավանի բնակիչների, և մասնավորապես՝ Սեդա Գրիգոյանի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող անհիմն քրեական հետապնդումները գնահատում ենք ոչ այլ ինչ, քան՝ ահաբեկում՝ ճնշելու ոչ միայն տվյալ տարածքի բնակիչների արտահայտման ազատությունները և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, այլև՝ առհասարակ արտացոլում են իշխանությունների վերջերս ավելի ու ավելի նկատելի քամահրական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և հանրային շահի նկատմամբ։
Նման վերաբերմունքը մասնավորապես զգալի է քաղաքաշինության ոլորտում՝ խիստ վիճահարույց պայմաններում և առերևույթ կոռուպցիոն դրսևորումներով ուղեկցվող թույլտվությունների տրամադրման գործընթացներում, որոնք՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ ներկայում, ըստ ամենայնի, հովանավորվում են բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց փոխկապակցված անձանց կողմից։ Ընդ որում, գործընթացներում առկա կոռուպցիոն դրսևորումները կամ կառուցապատման «տանիքի» դերում շրջանառվող բարձրաստիճան պաշտոնյաների առնչությունը համառորեն քննության առարկա չեն դարձվում իրավապահ մարմինների կողմից:
Պահանջում ենք․
Կառուցապատողից՝ անմիջապես դադարեցնել Ֆիզիկայի գիտավանի բնակիչների նկատմամբ ճնշումները, ինչպես նաև կանգնեցնել վիճահարույց շինարարությունը՝ մինչև հողի օտարման հիմքերը քննող քրեական գործերի ավարտը և, առհասարակ, պատշաճ հաղորդակցվել տարածքի բնակիչների հետ։
Երևանի քաղաքապետարանից՝ տրամադրել քննարկվող տարածքի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչվող սահմանափակումներն ամրագրող բոլոր փաստաթղթերը: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների կողմից դրանց կոծկումը պետք է դառնա քրեական գործի շրջանակում քննության առարկա:
ՀՀ քննչական կոմիտեից՝ անմիջապես դադարեցնել շինծու քրեական գործով Ս․Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, և փոխարենը՝ պատշաճ քննել նախկինում հանրային կանաչ տարածք հանդիսացող հողամասի ապօրինի կառուցապատման գործը:
ՀՀ արդարադատության նախարարությունից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից՝ քննության առարկա դարձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի՝ Սեդա Գրիգորյանի բնակարանը խուզարկելու իրավունք վերապահող որոշմամբ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը»:
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Երևանի մամուլի ակումբ
Կանանց ռեսուրսային կենտրոն
Իրավունքի ուժ ՀԿ
Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ
Հեռանկարային զարգացման կենտրոն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Իրազեկ քաղաքացիների միավորում
Restart գիտակրթական հիմնադրամ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
ՄԻՏՔ ՀԿ
ուրբանլաբ
Խաղաղության երկխոսություն
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Վելես իրավապաշտպան ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
Ռեստարտ Գյումրի նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ
Հայաստանի իրավական պաշտպանության կոմիտե իրավապաշտպան ՀԿ
Իրավունքի գերակայություն ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
ՄեդիաԱկումբ ՀԿ
Լուսինե Խառատյան, ՀՀ քաղաքացի
Գայանե Շագոյան, ՀՀ քաղաքացի
Կարեն Հակոբյան, ՀՀ քաղաքացի
Comments