top of page

Տնաշխատների միջազգային օրվա կապակցությամբ


Շնորհավո՛ր տնաշխատների* միջազգային օրը:


Հունիսի 16-ին՝ Տնաշխատների միջազգային օրը, նշվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 189-րդ կոնվենցիայի 2011 թվականի ընդունումը։ Այս օրը խորհրդանշում է տնաշխատների համար արժանապատիվ աշխատանքի ապահովման համար ջանքերի համատեղումը:


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը նպաստում է տնաշխատների համար արդար և արժանապատիվ աշխատանքային միջավայրի ձևավորմանը: Խնդրի շարունական հետազոտումը, հանրային իրազեկվածության բարձրացումը, տնաշխատների շահերի պաշտպանությունը մեր գործունեության առանցքում է։


Այս տարի, գործընկեր կառույցների հետ միասին, ոլորտում իրականացրել ենք հետևյալ աշխատանքները․

  • Հայաստանում տնաշխատների աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրների շուրջ ծավալուն հետազոտության իրականցում, հիմք ընդունելով ԱՄԿ 189-րդ կոնվենցիայի պահանջները։

  • «Արժանապատիվ աշխատանք տնային աշխատողների համար» արշավի իրականացում՝ ուղղված տնաշխատների աշխատանքային իրավունքների մասին հանրային իրազեկվածության բարձրաձայնմանը:

  • «Եկե՛ք խոսենք տնային աշխատանքի մասին» հանդիպում-քննարկումների շարքի իրականացում, որի շրջանակներում ՄԻՀԿ-ի փորձագետները տնաշխատների և տնաշխատների ծառայություններից օգտվող գործատուների հետ միասին քննարկեցին կողմերին հուզող հարցերը, մասնավորապես, միավորման և աշխատանքային պայմանագրի կնքման մարտահրավերները։


Շնորհակալ մասնակիցներին և գործընկերներին՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանին (ՀՌԿԿ-Հայաստան) և ՄԱԿ-ի կանանց հարցերով հայաստանյան գրասենյակին (UN Women Armenia) տնային աշխատողների համար արժանապատիվ աշխատանքի օրակարգի առաջխաղացման շուրջ համագործակցության համար։ Ծրագիրն իրականացվում է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։


Մենք նաև մեր համերաշխությունն ենք հայտնում տնաշխատների պաշտպանությունը, նրանց կարողությունների և հմտությունների զարգացումը կարևորող տեղական և միջազգային կազմակերպություններին, կառույցներին և ցանցերին՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակին, «Ժպիտ Քեզ» հասարակական կազմակերպությանը, Աշխատանքի միջազգային կազմակերպությանը, Տնաշխատների միջազգային ֆեդերացիային և ոլորտի այլ դերակատարներին։

Մենք հավատացած ենք, որ ջանքերի համախմբումն ու համատեղ պայքարը կարևոր են Հայաստանում տնաշխատության ոլորտի մասին իրազեկվածության բարձրացման, տնային աշխատողների իրավունքների իրացման, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման կառուցակարգերի զարգացման առումով և բաց ենք համատեղ աշխատանքի և ջատագովության համար։

*Տնաշխատներն են մասնավոր տնային տնտեսությունում կամ տնտեսության համար վճարովի աշխատանք կատարողները։ Նման աշխատանքը սովորաբար ներառում է տունը մաքրելը, ճաշ պատրաստելը, հագուստ լվանալը, արդուկելը, երեխաների կամ ընտանիքի տարեցների կամ հիվանդ անդամների խնամքը, այգեգործությունը, տան պահպանությունը, ընտանիքի համար մեքենա վարելը, ընտանիքի տնային կենդանիների խնամքը և այլն։

25 views

Comentários


bottom of page