top of page

ՄԻՀԿ-ն հյուրընկալվել է Հանրային Ռադիոյի եթերում։ Զրույց անօթևանության և բնակարանի իրավունքի շուրջ։



Մարդու իրավունքների ինչպիսի՞ ոնտնահարումների է հանգեցրել մինչ օրս աղետի գոտում անօթևանության և ոչ բավարար բնակարանային պայմանների ապահովման համակարգային խնդիրների առկայությունը։


Հայաստանի Հանրային Ռադիոյի «Ձեր Փաստաբանը» հաղորդման շրջանակներում Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի (ՄԻՀԿ) տնօրեն Անահիտ Սիմոնյանը և իրավական հարցերով փորձագետ Տաթևիկ Թոխյանը հաղորդավար Նարինե Սոլոմոնյանի հետ զրուցել են, թե ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի կողմից վերջերս իրականացված՝ Հայաստանի 4-րդ պարբերական դիտարկման շրջանակում հայաստանյան քաղհասարակությունից քա՞նի զեկույց է ներկայացվել, ի՞նչ խնդիրների են դրանք անդրադառնում և որո՞նք ենք ՄԻՀԿ-ի կողմից ներկայացված զեկույցներում տեղ գտած մտահոգությունները։


ՄԻՀԿ-ի կողմից, մասնավորապես, ներկայացվել է «Հայաստանում 1988 թ․ երկրաշարժի հետևանքով անօևթանության մեջ հայտնված քաղաքացիների բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման վերաբերյալ» այլընտրանքային զեկույցը։


Հաղորդման ընթացքում Անահիտ Սիմոնյանն ու Տաթևիկ Թոխյանն անդրադարձել են մինչ օրս աղետի գոտում առկա բնակարանային խնդիրներին և դրանցով պայմանավորված՝ ՄԱԿ-ի Տնտեսական սոցիալական և մշակութային իրավունքների դաշնագրով Հայաստանի ստանձնաց պարտավորությունների ոտնահարման հարցերին։


«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի գործունեության ռազմավարական ուղղություններից սոցիալական իրավունքների պաշտպանությունն է: Տարիներ շարունակ մենք աշխատել ենք այս խնդիրների ակտուալիզացման ուղղությամբ, որպեսզի սոցիալական իրավունքների պաշտպանությունը դառնա օրակարգային հարց և բավարար հանրային ուշադրություն գրավի»,- նշել է իր խոսքում ՄԻՀԿ տնօրեն Անահիտ Սիմոնյանը:

«Բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի պատշաճ իրացման հնարավորությունները չստեղծելով մենք ունենում ենք խոչընդոտներ մի շարք այլ իրավունքների իրացման մասով. առողջության պահպանման իրավունքը, կրթության իրավունքը, աշխատանքի իրավունքը: Այս պայմաններում կարևորվում է, որ միջազգային փաստաթղթերում ներառված իրավունքները երաշխավորվեն ներպետական օրենսդրությամբ, ստեղծվեն այն մեխանիզմները, որոնք գործի կդրվեն այդ իրավունքներն իրացնելու համար», - նշել է իրավական հարցերով փորձագետ Տաթևիկ Թոխյանը, ներկայացնելով աղետի գոտում բավարար բնարականարային պայմաններ ունենալու իրավունքի իրացմանը վերաբերող ՄԻՀԿ-ի զեկույցում տեղ գտած արձանագրումներն ու առաջարկները։

Հիշեցնենք, որ 2015թ․ Սահմանադրական բարեփոխումների արդյունքում վերացվեցին բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքները, ինչն էական հետընթաց էր տվյալ իրավունքնի պաշտպանության տեսանկյունից։


«Հայաստանում 1988 թ․ երկրաշարժի հետևանքով անօևթանության մեջ հայտնված քաղաքացիների բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման վերաբերյալ» այլընտրանքային զեկույցից զատ ՄԻՀԿ-ն Կոմիտեի դիտարկմանն է ներկայացրել երկու այլ զեկույց՝ ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Բոլոր զեկույցներն, ինչպես նաև Հայաստանի 4-րդ պարբերական դիտարկման կապակցությամբ Կոմիտեի Եզրափակիչ դիտարկումները կարող եք գտնել այստեղ։


Նշենք նաև, որ վերջին շաբաթների ընթացքում Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը ակտիվորեն աշխատել է ՄԱԿ-ի մարմինների հետ՝ մասնակցելով Ժնևում ընթացող կոմիտեների նստաշրջաններին և անդրադառնալով օրակարագային խնդիրներին, այդ թվում, Հայաստանում բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման խնդրին։


Շնորհակալ ենք Հայաստանի Հանրային Ռադիոյին անդրադարձի համար: Հաղորդումն ամբողջությամբ` ստորև։


ՄԻՀԿ-ի կողմից ՄԱԿ-ի մարմինների հետ ադվոկացիոն աշխատանքներն իրականացվում են Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։





14 views

Comments


bottom of page