top of page

ՄԻՀԿ-ի հայտարարությունը Արցախի նկատմամբ Ադրբեջանական հարձակման վերաբերյալ


2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) 9 ամիս շրջափակումից հետո Ադրբեջանը ինտենսիվ հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։


Մահվան դեպքերը և վիրավորումներ ստանալը, այդ թվում՝ երեխաների շրջանում, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը, այդ թվում՝ դպրոցների և բնակելի շենքերի թիրախավորումը, արձանագրվել են Արցախի օմբուդսմենի և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից (տե՛ս այստեղ):


Այս տարի՝ փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը վճիռ կայացրեց՝ Ադրբեջանին պարտավորեցնելով «ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար» (տե՛ս այստեղ): Ադրբեջանը, սակայն, վերոհիշյալ որոշմանը համապատասխան որևէ գործողություն չի ձեռնարկել։


Մինչ այժմ, միջազգային արձագանքը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն ու գործողություններին հիմնականում անհամարժեք կամ անարդյունավետ են եղել: Բացակայել է համապատասխան միջազգային դերակատարների և կառույցների կողմից ագրեսիայի և ագրեսիվ գործողությունների պատշաճ դատապարտումը:

2022 թվականի սեպտեմբերի 23-ին Genocide Watch-ը ցեղասպանության նախազգուշացում է տարածել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի համար՝ հաշվի առնելով «Ադրբեջանի կողմից ինքնաբուխ ռազմական հարձակումները Հայաստանի և չճանաչված Արցախի հայկական Հանրապետության վրա» (տե՛ս այստեղ):


Լաչինի միջանցքի շրջափակմամբ և Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա ռազմական հարձակումներով, Ադրբեջանն ուղղակիորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները և կոպիտ ու շարունակական ոտնահարում է արցախահայության իրավունքները։


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը կոչ է անում միջազգային քաղաքական մարմիններին և ինստիտուտներին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և խմբերին ձեռնարկել արագ ակտիվ գործողություններ (ներառյալ քաղաքական և տնտեսական պատժամիջոցների կիրառումը).

  • կանխել արցախահայության հետագա արյունահեղությունը և պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել կրակը,

  • պարտավորեցնել Լաչինի միջանցքը վերահսկողներին, մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանություններին և Ռուսաստանի խաղաղապահ ուժերին,

  • վերականգնել և ապահովել Լաչինի միջանցքի երկու ուղղություններով ազատ և անվտանգ անցումը առանց որևէ նախապայմանի։


Ներկայումս Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյանը մասնակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակներում Կանանց իրավապաշտպանի գլոբալ շահերի պաշտպանության շաբաթին։ Այս հայտարարությանը կից նկարն արվել է երեկ Ժնևում՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։


ՄԻՀԿ-ն ձեռնարկելու է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը անհապաղ հասցվի ՄԱԿ-ում մանդատ ունեցողների ուշադրությանը։


Համապատասխան պաշտոնյաների հետ առաջիկա հանդիպումների ընթացքում Անահիտ Սիմոնյանը հատկապես կկենտրոնանա Լաչինի միջանցքի փակման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կանանց և աղջիկների շրջանում Ադրբեջանի ռազմական հարձակումների հետևանքների վրա։ Այդ ամենին ներառյալ նա կկենտրոնանա 9-ամսյա շրջափակման ընթացքում վիժումների տագնապալի տեմպերի, հղիների թերսնման, 2020-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով ադրբեջանական զինուժի կողմից հայ կին զինվորների բռնաբարության և խոշտանգումների դեպքերի, 2020-ի Արցախյան պատերազմում և հետպատերազմյան իրավիճակում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կանանց իրավունքների վրա։


Հետագա թարմացումները կտեղադրվեն ՄԻՀԿ-ի պաշտոնական կայքէջում և սոցիալական էջերում:




1 view

댓글


bottom of page