Հրապարակվեց ՄԻՀԿ-ի զեկույցը 2020 և 2021 թվականներին Հայաստանում մի շարք ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ։
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը նախաձեռնել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ տարեկական ամփոփիչ զեկույցների ներկայացում։
Անդրանիկ զեկույցի շրջանակներում դիտարկել ենք առավել մարտահրավերային՝ 2020 և 2021 թվականները։
Զեկույցը պատրաստվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավարության դեսպանատան աջակցությամբ։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ՝
2020 և 2021 թվականների իրադարձությունները հատկապես սրեցին խոսքի ազատության իրավիճակը։ Սոցիալական ցանցերում համատարած բնույթ սկսեց կրել ատելության խոսքը։
Ուժգնացան իրավապաշտպանների դեմ արշավները։
Ինչպես համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում, այնպես էլ հետպատերազմյան փուլում գրանցվեց ընտանեկան բռնության դեպքերի աճ։
Միևնույն ժամանակ խտրականության կանխման և հավասար իրավունքների իրագործման ուղղությամբ պետության հանձնառություններն ու օրակարգը մղվեցին հետին պլան՝ անհամաչափորեն խորացնելով կանանց և ԼԳԲՏ անձանց իրավունքների իրացման առանց այն էլ համակարգային և շարունակական խնդիրները։
Այսպիսով, զեկույցի շրջանակներում ներկայացված են Հայաստանում խոսքի ազատության, իրավապաշտպանների, կանանց և ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության առումով առանցքային բացասական զարգացումները։
Զեկույցը տեղեկատվական ամփոփ, ճշգրիտ և հանրահասանելի աղբյուր է՝ նախատեսված լայն լսարանի, այդ թվում իրավապաշտպան կառույցների և փորձագետների, մեդիա դաշտի ներկայացուցիչների, պետական օղակների և լայն հանրության համար։
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Նիդերլանդների Թագավարության դեսպանատանը համագործակցության և զեկույցի պատրաստմանն աջակցելու համար։
Զեկույցի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ։
Comments