Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությանը և իրացմանը վերաբերող մի շարք խնդիրներ և հարցադրումներ են ներկայացվել Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի կողմից ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին։
Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն առաջիկայում դիտարկելու է Հայաստանի կողմից իր միջազգային իրավական պարտավորությունների կատարումը՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում։
Տվյալ փուլում Կոմիտեն ընդունում է գրություններ հասարակական կազմակերպություններից։ Պետության կողմից ներկայացված զեկույցի և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված գրությունների հիման վրա Կոմիտեն այնուհետ կկազմի ՀՀ Կառավարությանն ուղղված Խնդիրների ցանկը (List of Issues):
Այս կապակացությամբ ՄԻՀԿ-ի կողմից ներկայացված գրությունը նպատակի ունի Կոմիտեի ուշադրությունը հրավիրել, մասնավորապես, հետևյալին՝
Հայաստանում կանանց իրավունքներով և գենդերային հիմնախնդիրներով զբաղվող կանանց հանդեպ ատելության խոսքը, սպառնալիքներն ու ճնշումները և պետության պարտավորությունն ապահովելու վերջիններիս՝ հանրային կյանքին մասնակցելու իրավունքի իրացումն ապահով և անվտանգ միջավայրում։
Հայաստանում հղի և կրծքով կերակրող կանանց համար անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման անհրաժեշտությունն ու պետության պարտավորությունը երաշխավորել աշխատավայրերում ռիսկերի գնահատման արդյունավետ գործիքակազմի և ընթացակարգերի առկայությունը։
Կանանց և տղամարդկանց միջև ընտանեկան պարտականությունների և տնային գործերի հավասար բաշխումը, պետության պարտավորությունը երաշխավորելու կանանց աշխատաշուկա մուտք գործելու հավասար հնարավորությունները և այս կապակցությամբ առկա կարծրատիպերի հաղթահարման անհրաժեշտությունը։
Անհրաժեշտությունը խթանել տնային աշխատանքի՝ մեծապես ոչ ֆորմալ դաշտից գրանցված աշխատանքային հարաբերությունների դաշտ անցումը և ըստ այդմ՝ տնային աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը։ Հայաստանում տնային աշխատողների մեծ մասը կանայք են։
Պետության պարտավորությունը՝ ապահովել աշխատանքային հարաբերություններում խտրականության բացառումը, խտրականության ենթարկված անձանց իրավունքների արդյունավետ վերականգնումը, աշխատավայրում սեռական ոտնձգության խնդրի իրավական կարգավորումը։
Կոմիտեն ընդունում է հասարակական կազմակերպությունների գրությունները մինչև ս․թ․ հունիսի 7-ը։
Comments