top of page

Տվյալների հավաքագրման այց Գյումրի․ «Բնակարանային իրավունք» նախագծի աշխատանքները շարունակվում են

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի (ՄԻՀԿ) և ՀԱՀ Մարդու իրավունքների կլինիկայի միջև համագործակցությամբ իրականցվող՝

«Բնակարանային իրավունք» նախագիծը վերաբերում է 1988 թ.-ի երկրաշարժի արդյունքում տուժած անձանց բնակարանային խնդիրների հասցեագրմանը։


Նախագծի շրջանակներում, հանրային իրազեկման ակցիայի իրականացման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման նպատակով, աշխատանքային թիմը հուլիսի 20-ին այց իրականացրեց Գյումրի։


Աշխատանքային թիմի՝ Գյումրի կատարած այցի, նպատակն էր շահագրգիռ կողմերի հետ հանդիպելն ու անօթևանության խնդրի կարգավորման ներկայիս փուլի վերաբերյալ համալիր պատկերացում կազմելը։


Աշխատանքային թիմի մտահոգությունները, մասնավորապես, վերաբերում են 2022 թվականի հոկտեմբերի 13-ի Կառավարության N 1601-Ն որոշմամբ (այսուհետ՝ Կառավարության Որոշում) հաստատված՝ Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատվելու ծրագրին, որը պարունակում է Գյումրիում անօթևանության աճի լրջագույն ռիսկեր։


Այցի ընթացքում, աշխատանքային թիմը հանդիպումներ ունեցավ երկրաշարժի արդյունքում անօթևան մնացած անձանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական հասարակական կազմակերպությունների՝ Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության ՀԿ-ի և «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչների հետ: Այց է իրականացվել տնակային թաղամաս և վթարային հանրակացարային շենքեր և հարցազրույցներ են տեղի ունեցել բնակիչների հետ։

Հարցազրույցների արդյունքում պարզվեց, որ վերաբնակեցում առաջացնող տնակների ապամոնտաժում դեռևս չի իրականացվել: Կառավարության Որոշման վերանայման անհրաժեշտությունը արձանագրում են ինչպես փորձագետները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, նշելով, որ հասցեագրված չեն վերաբնակեցման հետևանքով քաղաքացիների համար առաջացող ռիսկերը, հստակ չեն նրանց հետագա բավարար կենսաապահովման երաշխիքները։ Նման երաշխիքների բացակայության պայմաններում, Կառավարության Որոշման իրականացումը պետության կողմից քաղաքացիների մի շարք իրավունքների խախտման է հանգեցնելու։

Կարևոր է նշել, որ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը ներկայումս ուսումնասիրում է Կառավարության Որոշման համապատասխանությունը Հայաստանի ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին, մասնավորապես, ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների դաշնագրի 11․1 հոդվածին (բավարար կենսամակարդակի և բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունք)։


Կատարված ուսումնասիրության արդյունքում, ՄԻՀԿ-ն ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե է ներկայացնելու Այլընտրանքային զեկույց՝ Հայաստանի դաշնագրային պարտավորությունների դիտարկման 4-րդ շրջափուլին ընդառաջ, որը կայանալու է Կոմիտեի 74-րդ նիստի շրջանակներում, հոկտեմբերի 3-ին և 4-ին՝ Ժնևում:


Միևնույն ժամանակ, ՄԻՀԿ-ը և ՀԱՀ Մարդու իրավունքների կլինիկան համատեղել են ջանքերը, հանրային իրազեկման արշավի իրականացման ուղղությամբ՝ արձանագրելով խնդրի կապակցությամբ հանրային բարձր վերահսկողության և պետության հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունը։


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը՝

  • գիտակցելով 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևանության խնդիրը կրող յուրաքանչյուր անհատի հանգամանքների առանձնահատկությունները,

  • հաշվի առնելով երեք տասնամյակ շարունակ նրանց կարիքների և իրավունքների ոտնահարմանը հանգեցրած համակարգային լրջագույն թերացումները,

կոչ է անում ՀՀ կառավարությանը և շահագրգիռ բոլոր կողմերին

  • իրենց գործողություններում առաջնոդրվել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած բոլոր անձանց արժանապատվության, սոցիալական բարեկեցության և իրավունքների պաշտպանության հրամայականով,

  • երաշխավորել ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակությաին իրավունքների Դաշնագրի հոդված 11․1-ով պետության ստանձնած պարտավորությունների կատարումը՝ ապահովելով տվյալ անձանց բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի լիարժեք իրականացումը։


-

«Բնակարանային իրավունք» նախագիծն իրականացվում է Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի կողմից՝ ՀԱՀ Մարդու իրավունքների կլինիկայի հետ համագործակցությամբ և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։




446 views

Comments


bottom of page